Փաստաթղթեր․ Վարդան Պետրոսյանը վթարի ժամանակ հեռախոսով չի խոսել, դեպքի տարածքն էլ բնակավայր չէ

Փաստաթղթեր․ Վարդան Պետրոսյանը վթարի ժամանակ հեռախոսով չի խոսել, դեպքի տարածքն էլ բնակավայր չէ

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Աբովյանի նստավայր) այսօր՝ ապրիլի 18-ին, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ կայացած նիստում ներկայացվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով մեղադրական եզրակացությունը:

Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր անձնական «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևանի ուղղությամբ և հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ, և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից:

Այդպիսով, ըստ մեղադրանքի, Պետրոսյանը թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին: Բախման հետևանքով «Վազ»-ի ուղևորներ էդվարդ ու էդգար Հակոբյաններն անզգուշության պատճառով մահացել են, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը կյանքին վտագ սպառնացող ծանր վնաս է հասցրել, Հայկ ու էմմա Հակոբյանների, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

Վարդան Պետրոսյանը, սակայն, մեղադրանքի վերաբերյալ հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու պնդել. «Ճանապարհի վրա երթևեկության կանոներ չեմ խախտել, չեմ գերազանցել արագությունը, կառավարումը չեմ կորցրել և չեմ մտել կողնակ: Ինձ առաջադրված մեղադրանքի մեջ ես ինձ մեղավոր չեմ զգում», գրում է Panorama.am-ը:

Այնուհետև դատարանն անցել է ապացույցների հետազոտման կարգը սահմանելուն, և տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը դատարանին խնդրել է ապացույցների հետազոտման փուլը սկսել ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի հարցաքննությամբ, քանի որ նա նախաքննության ընթացքում որևէ ցուցմունք չի տվել:

Սակայն դատարանը որոշել է ապացույցների հետազոտման փուլը սկսել գործում առկա ապացույցների հետազոտումից, իսկ ամբաստանյալի հարցաքննությունը թողնել վերջում` տուժողների ու վկաների հարցաքննությունից հետո:

Իր հերթին Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին մի շարք փաստաթղթեր է ներկայացրել` միջնորդելով կցել դրանք քրգործի նյութերին: Մասնավորապես` հիդրոօդերևութաբանական կենտրոնին ուղարկված հարցումը և դրա պատասխանը: Պաշտպանը ծառայությունից հետաքրքրվել էր, թե ինչ եղանակ է եղել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի օրը դեպքի վայրում: Պատասխանել են, որ հոկտեմբերի 20-ին դիտվել է պարզ, առանց տեղումների եղանակ, գրում է «Երկիր»-ը:

Փաստաբանը հարցում է ուղարկել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին` ճշտելու համար` արդյոք ՃՏՊ-ի վայրը բնակավայր է: Մարզպետի գրության համաձայն, Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի տվյալ հատվածը Եղվարդ համայնքի տարածքում նախագծով հայտնված հողերից դուրս է, այսինքն` ըստ պաշտպանի` այդ տարածքը բնակավայր չէ: Ըստ նախաքննության, տվյալ դեպքը տեղի է ունեցել բնակավայրում:

Պաշտպանը հարցում էր ուղարկել նաև տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանին` ճշտելու` արդյոք այդ տարածքում 2013-ի հոկտեմբերի 20-ին ճանապարհային նշաններ տեղադրված եղել են, թե՝ ոչ: Ըստ պատասխան գրության` մասնագետները պարզել են, որ այդ տարածքում համապատասխան նշաններ չկան: Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած հաջորդ ապացույցը վերաբերում էր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռայֆ Յիրիկյանին ուղարկված հարցմանն ու դրա պատասխանին: Նա նշել է, որ իր համար արտառոց էր հանգամանքը, որ նախաքննական մարմինը հարցում չի ուղարկել` պարզելու համար, թե այդ օրը Վարդան Պետրոսյանը, մինչ դեպքի վայրը հասնելը, արդյո՞ք զանգ կատարել է և քանիսին:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրում են նաև դեպքի պահին հեռախոսով զրուցելու համար: Ի պատասխան պաշտպանական կողմի ուղարկած հարցմանը, մանրամասնորեն ներկայացվել էր, թե որ վայրում են տեղադրված ընկերության ալեհավաքները, և դեպքի օրը որտեղ են ֆիքսել Վարդան Պետրոսյանի կատարած զանգը: Ըստ դրա, դերասանի վերջին զանգը կատարվել է 22:10 րոպեին՝ Եղվարդի Կոմիտասի փողոցում` դեպքի վայրից 4 կմ հեռավորությամբ:

Բաղդասարյանը միջնորդել է նաև դեպքից հետո արված մի քանի լուսանկար, որոնք գործում չկան, կցել դրան:

Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյան նշել է, որ պաշտպանը դատական նիստի նախապատրաստական փուլում հրապարակում է փաստեր, որոնք դեռևս հետազոտված չեն: Նա ասել է, թե պաշտպանը նման փաստաթղթեր հրապարակել է նաև ապրիլի 4-ի դատական նիստին: Այսօրվա նիստում Նիկոլայ Բաղդասարյանն իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, որի քննարկումը դատավորը հետաձգել է` նշելով, թե դրան կանդրադառնա դատաքննության փուլում: Դատարանն անցել է դատաքննության փուլին:

Ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը պաշտոնապես ավարտվել էր հունվարի 23-ին:

Նոյեմբերի 4-ին դերասանը հիվանդանոցից տուն էր վերադարձել. արդեն ամսի 9-ին տեղեկություն էր տարածվել, որ նրան կալանավորելու որոշում է կայացվել։ Երբ ոստիկաններն եկել էին դերասանին կալանավորելու, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, արդյունքում Վարդան Պետրոսյանին կրկին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից արդեն՝ «Սթրես» կենտրոն` սթրեսային վիճակի ախտորոշմամբ։

Մի քանի օր կենտրոնում անցկացնելու հետո Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պահանջել էր, որ Պետրոսյանը ներկայանա իր նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստին․ ներկայացել էր, արդունքում երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացվել՝ դատարանից նրան միանգամից տարել էին «Դատապարտյալների հիվցանդանոց» ՔԿՀ, որտեղ էլ մինչև օրս Պետրոսյանը գտնվում է։ Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այդ օրը նշել էր, որ դատարանը որոշումը կայացրել է առանց որևէ իրավական հիմքի՝ պատճառաբանելով, թե դերասանն երկու երիտասարդների է զրկել կյանքից: Որոշումը բողոքարկվել էր, բայց ապարդյուն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---