7  13.05.14 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել են Միսաք Մանուշյանի պատվին անվանակոչված պուրակի բացմանը

Մաշտոցի պուրակում կրկին բախումներ էին. Պուրակն անվանակոչվել է Միսաք Մանուշյանի պատվին

Մաշտոցի պուրակում կրկին բախումներ էին. Պուրակն անվանակոչվել է Միսաք Մանուշյանի պատվին

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին պետական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սերժ Սարգսյանի ներկայությամբ Մաշտոցի պուրակն անվանակոչվել է Միսաք Մանուշյանի պատվին:

Նախորդ օրը` մայիսի 12-ին, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը և «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ էին հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Նամակում պաշտոնյաներին կոչ էին արել չմասնակցել Մաշտոցի պուրակի անվանափոխման միջոցառմանը:

Այսօր` մայիսի 13-ին, մինչ Ֆրանսիայի նախագահը կգար պուրակ, ոստիկանությունը ուժով այնտեղից դուրս է հանել առավոտից հավաքված խաղաղ ցուցարարներին, ովքեր պատրաստվում էին բողոքի ակցիա անել, գրում է «Հետք»-ը:

Ոստիկաններն արգելել են պաստառներով ցուցարարներին առաջանալ ու բեմի դիմաց կանգնել, ինչի արդյունքում բախում է եղել: Պուրակից մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել: «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղնախաձեռնությունը հայտնել է, որ բերման են ենթարկվել Դվին Իսանյանսը, Միկա Էլիզբարյանը, Աննա Շահնազարյանը, Անի Խաչատրյանը, Արսեն Օհանյանը, Ռոլանդ Թմոյանը և Գևորգ Սաֆարյան:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել, թե ինչն է եղել քաղաքացիներին վարչական բերման ենթարկելու պատճառը, գրում է Panorama.am-ը:

Նախօրեին տարածված բաց նամակի հեղինակները, մասնավորապես, գրել էին.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր 90 օր պայքարել են Երևանի լքված զբոսայգիներից մեկը որպես հանրային տարածք պահպանելու համար, խորին մտահոգությամբ հայտնում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը հերթական կեղծ և հակաժողովրդավարական քայլն է փորձում անել՝ Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ անվանափոխելով Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անունով։ Այս մտադրությունը լայն հանրությանը հայտնի է դարձել այցից ընդամենը մեկ օր առաջ, չնայած որ Երևանի ավագանին որոշումը ընդունել է ապրիլի 30-ին: Որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների՝ նույնիսկ արգելելով լրագրողների մուտքը ավագանու նիստին: Նախկինում ևս ավագանու բաց նիստերին մասնակցելու մեր բոլոր փորձերը բռնությամբ տապալվել են:

Մաշտոցի պուրակը, կազմելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Գլխավոր պողոտայի մի մասը, հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական շարժումների խորհրդանիշ. այն փրկվել է Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ նախատեսված առևտրայնացումից հանրության անդադրում պայքարի շնորհիվ: «Մաշտոցի պուրակ» անվանումը շրջանառության մեջ է դրվել քաղաքացիների կողմից և տարածում է գտել հենց քաղաքացիական պայքարի ընթացքում:

Հետագայում այդ անվանումն օգտագործվել է նույնիսկ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական հաղորդագրություններում: Երևանի քաղաքապետարանը, ավագանին, ՀՀ այլ պետական մարմինները, Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի հարցում բազմիցս խախտել են ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենսդրությունը, և այդ կապակցությամբ դեռևս որևէ մեկը չի ենթարկվել համարժեք պատասխանատվության, հետևաբար՝ բոլոր այդ մարմինները չունեն որևէ լեգիտիմ ու սահմանադրական իրավունք ընդունելու Մաշտոցի պուրակի հետ կապված որոշումներ. վերանվանման այս որոշումը հակաիրավական է և հակասահմանադրական: Եթե որևէ մեկը մասնակցում է այդ որոշման իրականացմանը, ապա մաս է դառնում անօրինական գործողությունների կատարմանը, և եթե վաղը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը մասնակցի նախատեսված միջոցառմանը, ապա նա մասնակից կլինի ՀՀ սահմանադրական կարգի խախտման գործընթացին և ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարմանը:

Հայտարարում ենք, որ մեզ համար անընդունելի է Հայաստանի քաղաքացիների համար խորհրդանշական և գործառական նշանակություն ունեցող պուրակի վերանվանումը, այնտեղ քաղաքացիների կողմից տեղադրված խորհրդանշական ցուցանակի անտեսումը և նսեմացումը: Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները։ Հատկապես անընդունելի է այն, որ Մաշտոցի պուրակի անունը ցանկանում են ջնջել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի այցի առիթով՝ Ֆրանսիայի անունն օգտագործելով Հայաստանի ժողովրդավարական հանրությանը սանձելու համար: Մաշտոցի պուրակը կա և կմնա «Մաշտոցի պուրակ»` Հայաստանի քաղաքացիների սահմանադրական պայքարի խորհրդանիշ, խոսքի ու մտքի արտահայտման բաց հարթակ։

Հպարտ լինելով հայ-ֆրանսիական ընդհանուր մեծ ժառանգությամբ և հարգելով Միսաք Մանուշյանի մեծ ու անուրանալի դերն ու սխրանքը Երկրորդ Համաշխարհային պատերազմի դիմադրության շարժման մեջ` դատապարտում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան չառարկող համաձայնությունն ու մասնակցությունը ժողովրդավարական պայքարը նսեմացնող միջոցառմանը: Վստահ ենք, որ որպես ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, կհրաժարվեք մասնակցել Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը: Դրա փոխարեն առաջարկում ենք քաղաքային իշխանությունների հետ քննարկել Միսաք Մանուշյանի անվամբ Երևանի անանուն զբոսայգիներից ցանկացածը անվանելու կամ նոր զբոսայգի ստեղծելու հարցը, ինչը մեծապես կողջունվի մեր կողմից»։

Հայ անվանի բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը ծնվել է 1906-ին Արևմտյան Հայաստանում։ 1930-ական թթ. Մանուշյանն աշխատել է Հայաստանի օգնության կոմիտեում, խմբագրել «Զանգու» (1935-37 թթ., Փարիզ) շաբաթաթերթը, որտեղ տպագրել է նաև իր բանաստեղծությունները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45 թթ.) առաջին իսկ ամիսներին Մանուշյանն ակտիվորեն մասնակցել է գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացի հայրենասերների մղած պայքարին՝ Դիմադրության շարժմանը։

Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնը նրանց հիշատակին է գրել «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը, որը հետագայում վերածվել է երգի։ 1946-ին Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 1956-ին՝ վերահրատարակվել Երևանում՝ «Իմ երգը» խորագրով։

Մանուշյանի և նրա խմբի մարտիկների անուններով փողոցներ, դպրոցներ, պուրակներ են անվանակոչվել Փարիզում, Մարսելում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, տեղադրվել են հուշարձաններ։ Փարիզում Մանուշյանի ապրած տան պատին հուշաքար կա։ Ամեն տարի փետրվարի 26-ին Ֆրանսիայում հարգանքի տուրք է մատուցվում Մանուշյանի հիշատակին։

Ֆրանսիայի կառավարությունը նրան հետմահու պարգևատրել է «Պատվո լեգեոնի» շքանշանով։ Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» կինոնկարը։ Երևանում և Գյումրիում նույնպես նրա անունով անվանակոչվել են փողոցներ և դպրոցներ։ Հայ անվանի բանաստեղծ Մանուշյանի բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբից։ Նա բազմաթիվ հայրենասիրական, քաղաքական և քնարական բանաստեղծությունների հեղինակ է («Պայքար», «Ընդվզում», «Նամակ Հայաստանեն», «Ամբոխի կանչը» և այլն)։

Մայիսի 12-13-ը առաջին անգամ Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետական այցի առաջին օրը մասնակցել է Հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի բացմանը, այնուհետև երկու երկրների նախագահներն ուղևորվել են Ծիծեռնակաբեր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:Հաջորդիվ նախագահները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել են երկու երկրների ղեկավարների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին:

Այցի երկրորդ օրը կայացել է երկու երկրների ղեկավարներիառանձնազրույցը,ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Դրանց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև գործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այնուհետև նախագահները համատեղ ասուլիս են տվել, որից հետո ուղևորվել են ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ: Ավարտելով երկօրյա պետական այցը՝ Ֆրանսուա Օլանդնմեկնել է Երևանից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կայացել է Ֆրանսիայի նախագահի ճանապարհման պաշտոնական արարողությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---