28  02.05.14 - Հայ-ադրբեջանական սահման․ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես

Լուսավորել են ու գնդակոծել. Տավուշի գյուղերը` կրակի տակ (թարմացված)

Լուսավորել են ու գնդակոծել. Տավուշի գյուղերը` կրակի տակ (թարմացված)

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը հունիսի 27-ին երեկոյան 22:15-ից հետո խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար, Բարեկամավան, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չորաթան գյուղերը:

Այգեպար գյուղի ուղղությամբ հակառակորդը կանաչ գույնի լուսավորող հրթիռ է բաց թողել ու մի քանի կողմից ավերել գյուղը: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշել է, որ հակառակորդը կրակել է խոշոր չափերի զենքերով, իսկ հայկական կողմը հակահարվածը սկսել է ժամը 23-ին: Կրակոցները շարունակվել են մինչև 1:30-ը:

«Մեզ մոտ գազատարն է վնասվել, մի տուն է հրդեհ ընկել, մի կերպ հանգցրել են, բնակիչների տների պատերը, տանիքները, ապակիները, գույքը լրիվ ավերվել է: Խոշոր տրամաչափի գնդացիրներով են կրակել»,- նշել է նա:

Գյուղապետը նաև տեղեկացրել է, որ գիշերը հրդեհ է բռնկվել հայ-ադրբեջանական սահմանի չեզոք հատվածում, և կրակը շարունակում է մինչև այսօր. «Ամբողջ գյուղը ծխի մեջ է: Արդեն ոչ մեկ իր այգի դուրս չի գալիս, որովհետև մեկը շարժվում է թե չէ, դիպուկահարը կրակում է», գրում է Tert.am-ը:

Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ հակառակորդն ակտիվ է եղել երեկոյան 22:15-ից մինչև 1:30, իսկ առավոտյան 5:00-ից հետո համեմատաբար խաղաղ է սահմանին: Կրակոցները եղել են ԴՇԿ-ից, նաև արկ է պայթել:

«Կրակոցներից գնդակները 2 տուն են մտել: Ընտանիքների գույքն ավերվել է, անկողինները` վառվել: Բարեբախտաբար տուժածներ չկան»,- ասաց Արարատ Ավալյանը: Կրակոցներ են եղել տների, դպրոցի և գյուղապետարանի պատերին, ինչպես նաև Մովսեսի եկեղեցու գմբեթին:

Տավուշի մեկ այլ սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ հաստատել է, որ այս անգամ կրակոցները սովորականից անհամեմատ մեծաքանակ են եղել:

«Տանիքներին, պատերը ավերվել են, ի՞նչ կարամ ասեմ, կրակել են ու էն էլ շատ: Պատկերացրեք, որ ամեն կրակոցով մի վնաս լինի ինչ կլինի էդ տների վիճակը»,- ասել է նա: Գյուղապետը նաև նշել է, որ իրենց գյուղում էլ է ծուխ՝ Այգեպարի կողմից է գալիս:

Կրակոցները հնչել են նաև Չորաթան գյուղի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը հայտնել է, որ հակառակորդի կրակոցից վնասվել է երկու ավտոմեքենա, գրում է Panorama.am-ը:

«Չեն թողել գյուղացիները բաղերում աշխատեն: Կրակել են բաղերին մոտեցող մեքենաների վրա ու վնասել: Մարդիկ ստիպված մեքենան թողել են բաղում ու ոտքով հետ են եկել: Էսօր գյուղացիներն իրենց այգիները չեն գնացել, բայց դե մենք չենք կոտրվում էլի: Էսօր չեն գնացել, վաղը` կգնան»,- ասել է Բաղմանյանը:

Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանի խոսքով, իրենց ուղղությամբ կրակել են երեկոյան ժամը 17:00-18:30-ը: «Հիմնականում խոտերն այրվեցին, արոտը»,- ասել է նա և հավելել, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկում են իրադրությունը սահմանին, պատասխան գործողություններից հետո է հակառակորդի ակտիվությունը չեզոքացվել:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հունիսի 25-ին ադրբեջանական բանակը առավոտյան 10։30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը։ Կրակոցներն ուղղված են եղել ոչ թե մարտական դիրքերին, այլ գյուղին։ Գյուղապետ Արարատ Ավալյանը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, ընկել են եկեղեցու բակում, դիպել են դպրոցին։

«Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չունենք»,-ասել է գյուղապետը՝ նշելով, որ գնդակոծությունը կարճ է տևել և հայկական կողմը պատրաստ է ցանկացած պահի պատասխանել դրանց։

Մայիսի 23-ի կեսօրից մինչև ժամը 18-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Բարեկամավան գյուղի պաշտպանական դիրքերի և գյուղի վրա: Ադրբեջանցիները կրակել են սահմանը պաշտպանելու համար հերթափոխի մեկնող զինվորական մեքենայի, բարեկամավանցիներից մեկի «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Գնդակներից երկուսը խոցել են Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի առանձնատան տանիքը: Գնդակներից մեկը ծակելով տանիքը և տանիքը պահող շինարարական կառուցվածքները, ընկել է տան միջանցք: Հայ սահմանապահները համարժեք պատասխան են տվել, որից հետո ադրբեջանական զինուժը դադարեցրել է կրակը:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---