Դիվերսիայի չեզոքացման ժամանակ հայ սպա է զոհվել. Մեկ շաբթում հրադադարը խախտվել է 400 անգամ (թարմացված)

Դիվերսիայի չեզոքացման ժամանակ հայ սպա է զոհվել. Մեկ շաբթում հրադադարը խախտվել է 400 անգամ (թարմացված)

PanARMENIAN.Net - Եղեգնաձորում հուլիսի 12-ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հայտնել է, որ երեկ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին:

Փոխհրաձգության ժամանակ զոհված հայ սպան 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանն է, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ սպանված դիվերսանտը եղել է այն նույն խմբի անդամներից, որոնց հուլիսի 10-ի դիվերսիայի կասեցման ժամանակ հաջողվել էր փախչել:

Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում Հովհաննիսյանը գրել է, որ Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը կայուն ծանր է` դրական նախանշաններով: Նա գտնվում է Մուրացանի հոսպիտալում:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:

Հուլիսի 10-ին ԼՂՀ ՊՆ-ն տեղեկություն էր տարածել ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի մասին: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը՝ ձերբակալվել, մյուսները դիմել էին փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չէր ունեցել:

Հայստանում ձերբակալված դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի քաղաքացի Ջահբազ Գուլիևի հարցով Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտե:

«Իրենք դիմել են, որպեսզի Ադրբեջանի քաղաքացու հետ կապված խնդիրը փորձենք կարգավորել: Սովորաբար Կարմիր Խաչը, երբ ստանում է պաշտոնական հաստատում, մենք սկսում ենք բանակցել, որ կարողանանք այցելել իրեն: Այս պահին միայն կարող եմ ասել, որ Ադրբեջանի իշխանություններից նման խնդրանք եկել է»,- ասել է ԿԽՄԿ հայստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելելով, որ քաղաքացին գտնվում է Հայաստանի տարածքում, նաև այս կողմից պետք է հաստատում ստանան, որպեսզի շարունակեն գործունեությունը, գրում է Panorama.am-ը:

Հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ին ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի գնդացրորդ, շարքային Մովսես Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հունիսի 24-ին շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու գնդակային վիրավորում էր ստացել Արմեն Ավետիսյանը, որն ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։

Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա էին կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հայկական կողմն ադրբեջանական դիվերսիան չեզոքացնելու ժամանակ կորուստ էր ունեցել՝ զոհվել էր պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, արևմտյան զորամասերից մեկում լուսադեմին «զինված միջադեպ» էր եղել. զինծառայողը հրազենից արձակված կրակոցով իր մի ծառայակցին սպանել էր, մեկ ուրիշին` վիրավորել, ապա ինքնասպանություն գործել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---