Բարի մտադրությունները հօդս ցնդեցին առաջին իսկ կրակոցի հետ. Գնդակոծությունը վախեցրեց ԿԽՄԿ անդամներին

Բարի մտադրությունները հօդս ցնդեցին առաջին իսկ կրակոցի հետ. Գնդակոծությունը վախեցրեց ԿԽՄԿ անդամներին

PanARMENIAN.Net - Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը որոշել է կասեցնել իր գործունեությունը Ադրբեջանին սահմանակից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղում: Պատճառը հուլիսի 26-ի գնդակոծությունն էր: Ինչպես արդեն գրել են հայկական ԶԼՄ-ները, այդ օրը ԿԽՄԿ ներկայացուցիչները, որոնք ուղևորվում էին Չինարի, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին, գնդակոծվեցին ադրբեջանական կողմից: «Գնդակոծության հետևանքով ոչ ոք չտուժեց, աննշան վնասվածք ստացավ ԿԽՄԿ ավտոմեքենան: Մինչ այդ միջադեպը բնակիչները ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ կարողացան հավաքել բերքը 4 հեկտարից»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Սովորության համաձայն ադրբեջանական կողմը գնդակոծության համար մեղադրեց հայերին, նույնիսկ անտեսելով այն, որ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարներն իրենք էին դիմել ԿԽՄԿ-ին՝ խնդրելով միջամտել, քանի որ ադրբեջանական կողմի մշտական գնդակոծությունները թույլ չեն տալիս շրջանի բնակիչներին բերքահավաքի աշխատանքներ կատարել:

ԿԽՄԿ-ում հայտնեցին, որ «ըստ զինված հակամարտությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձանց օգնություն ցույց տալու իրենց մանդատի, Կարմիր խաչի ներկայացուցիչները համաձայնվել են Չինարի գյուղի բնակիչների խնդրանքին՝ ներկա գտնվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող տարածքում իրականացվող դաշտային աշխատանքների ժամանակ»:

Բայց դե «սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է», և առաջին իսկ գնդակոծությունից հետո ԿԽՄԿ աշխատակիցները որոշեցին կասեցնել իրենց գործունեությունը:

Ընդ որում կազմակերպությունում արդարացան դիվանագիտական արտահայտությամբ, թե ԿԽՄԿ-ն «համապատասխան կոնֆիդենցիալ երկխոսություն է վարում իշխանության համապատասխան մարմինների հետ լուծելու համար անվտանգության խնդիրը»:

Հենց այդ պատճառով է, որ ԿԽՄԿ-ն ձեռնպահ մնաց մեկնաբանություններից և գնդակոծության նախաձեռնող կողմին (ինչն ակնկալելի էր) նշելուց:

«Շնորհիվ այդ քաղաքականության, ԿԽՄԿ-ն կարող է գործակցել իշխանությունների հետ՝ երաշխավորելով իր գործունեության շարունակությունն ի շահ մարդկանց, որոնք տառապում են զինված հակամարտության հետևանքներից: ԿԽՄԿ-ն կշարունակի աշխատել ի շահ սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիական բնակչության, և այլ միջոցառումներ իրականացնել սահմանամեձ գոտում»,-ասվում է հայտարարության մեջ, չմանրամասնելով թե այդ ինչ «այլ միջոցառումների» մասին է խոսքը:

Ճիշտն ասած, ԿԽՄԿ աշխատակիցների արարքն ամենևին էլ զարմանալի չէ: Եվ այն, որ բարի մտադրությունները հօդս ցնդեցին առաջին իսկ կրակոցի հետ, նույնպես հասկանալի է: Եվ որ, նրանք չցանկացան մատնանշել կրակողներին, ոչ ոքի չի զարմացնում, քանի որ «դիվանագիտական լռությունը» հատուկ է բոլոր միջազգային կազմակերպություններին: Չնայած նրան, որ հենց այդ լռությունն է բերում նրան, որ ադրբեջանական կողմը գնալով ավելի է լկտիանում և ավելի հաճախակի է գնդակոծում հայկական գյուղերը:

Սակայն, ցավոք, նույնիսկ մի երկու շեղ կրակոց զգալով, նրանք հազիվ թե կկարողանան հասկանալ, թե ինչ են զգում այդ գյուղերի բնակիչները, մշտապես ապրելով գնդակոծության տակ՝ շարունակելով բերք հավաքել, երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ուղարկել, կենցաղով զբաղվել: Շարունակելով ապրել:

Մարինա Անանիկյան/PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---