Ինչպես հաշմանդամություն ունեցողները կարող են սայլակ կամ լսողական սարք ստանալ

Ինչպես հաշմանդամություն ունեցողները կարող են սայլակ կամ լսողական սարք ստանալ

PanARMENIAN.Net - Սոցապ նախարարությունը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներ և լսողական սարքեր տրամադրելու կարգն ու ժամանակացույցը:

Ըստ դրա, սայլակները տրամադրվում են I խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն նրանց հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից տրված վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ): ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերը տրամադրվում են 30-63 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր կենսաթոշակառուներին` անկախ հաշմանդամության կարգավիճակ ունենալու կամ չունենալու հանգամանքից: Այս գործընթացն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Վերջին 5 տարվա ընթացքում պետբյուջեի միջոցներով յուրաքանչյուր տարի ձեռք է բերվել մոտ 500 սայլակ և մոտ 1000 լսողական սարք:

Սայլակ ստանալու համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագիր, սոցիալական քարտ, բժշկասոցիալական փորձաքննության որոշում, ՎԱԾ (եթե ստանում է առաջին անգամ): Մինչև 18 տարեկան երեխայի սայլակ ստանալու համար տրամադրող կազմակերպություն կարող է դիմել ծնողը կամ խնամակալը, իսկ I խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար նրա հարազատը կամ բարեկամը` նաև իր անձնագրով:

Լսողական սարք ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․ 30-ից մինչև 63 տարեկան անձինք ներկայացնում են անձնագիր, բժշկասոցիալական փորձաքննության որոշում, քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` անձի ծանրալսողության լսողական սարքի կարիք ունենալու վերաբերյալ, աուդիոմետրիա և ՎԱԾ (եթե ստանում է առաջին անգամ): 63-ից բարձր տարիք ունեցող և հաշմանդամության կարգավիճակ չունեցող անձինք ներկայացնում են անձնագիր, կենսաթոշակիվկայական, քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` անձի ծանրալսողության լսողական սարքի կարիք ունենալու վերաբերյալ, աուդիոմետրիա:

Համաձայն վերոնշյալ որոշմամբ հաստատված ժամկետների` շահառունները սայլակ կամ լսողական սարք կարող են ստանալ 3 տարին մեկ անգամ: Սայլակներն ու լսողական սարքերը տրամադրում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, այդ թվում սայլակներ և լսողական սարքեր տրամադրվում են Կառավարության 2007-ի ապրիլի 12-ի համար 453-Ն որոշմամբ։

2007-ից նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով մինչև 18 տարեկաններին և 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձանց համապատասխան ծրագրով (5 տարի ժամկետով) տրամադրում է եվրոպական արտադրության լսողական սարքեր։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---