Սեյրան Օհանյան. Սահմաններին իրավիճակը լարված է, բայց վերահսկելի

Սեյրան Օհանյան. Սահմաններին իրավիճակը լարված է, բայց վերահսկելի

PanARMENIAN.Net - Սահմաններին իրավիճակը լարված է, բայց վերահսկելի, ասել է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով այսօր` մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գրում է Panorama.am-ը:

«Պարբերաբար կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են: Հայկական Զինուժը թե Արցախում, թե Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հարցում իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Լինում են սադրանքներ, որոնք արժանի հակահարվածներ են ստանում»,- ասել է նախարարը:

Հայկական բանակը տեղում չի դոփում: Այն մրցունակ է, անընդհատ կատարելագործվում է, զարգացնում է փոխգործունակ կարողությունները՝ մեր անվտանգության ապահովման համար ստեղծելով միջազգային երաշխիքներ, ավելացրել է նախարարը. «Եթե Վազգեն Սարգսյանն այստեղ լիներ, իսկ նա հոգեպես մեզ հետ է, կհպարտանար մեր հայկական բանակի համար»:

Պաշտպանական գերատեչսության ղեկավարի խոսքով՝ սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կատարելագործել, զարգացնել Հայկական բանակը.

«Գիտեք, դժվար ժամանակներում ենք ապրում, անհրաժետ է, որ բանակը կարողանա ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը, թեկուզ մեր ծառայակից ընկերների կյանքի գնով, հերոսություններով, քաջագործություններով, բայց մենք համեմատական, հարաբերական հրադադարի պայմանները պաշտպանում ենք, ժողովուրդը կարողանում է խաղաղ արարել», - ասել է Սեյրան Օհանյանը, գրում է «Այսօր»-ը:

ՀՀ և ԼՂՀ սահմանում իրավիճակը կրկին լարված է: Փետրվարի 21-ից հետո ձևավորված փխրուն հանդարտությունը կրկին լարվեց ադրբեջանական կողմի սադրանքներով, տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Մի քանի տեղամասում իրականացրած դիվերսիոն փորձերից միայն մեկի դեպքում նրանց հաջողվել է մոտենալ մեր դիրքերին: Ինչպես գիտեք արդեն, արդյունքում մենք երկու զոհ ունենք և խախտումների քանակը Ադդրբեջանի կողմից կրկնապատկվել է: Դժվարությամբ կայունացված իրավիճակը Ադրբեջանի քայլերի հետևանքով կրկին լարվել է, մենք հրավիրում ենք միջազգային միջնորդական կառույցների ուշադրությունը և կրկին զգուշացնում որ,ադրբեջանական կողմի վրա է ընկնում ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը: Սադրանքից հետո ՊԲ զինծառայողները խոցել են Ադրբեջանի երեք զինծառայողների: Ադրբեջանի սեփական բնակչության նկատմամբ իրականացվող տեղեկատվական կոծկումը այլևս անօգուտ է»:

Փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը:

Կարդացեք նաև՝ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ շփման գծում լարվածության աճին նպաստող քայլերից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---