Հռոմի պապը՝ նախագահին. Պատմության ամենաողբերգական պահերին Քրիստոսի մեջ վեր հառնելու ուժ եք գտել

Հռոմի պապը՝ նախագահին.  Պատմության ամենաողբերգական պահերին  Քրիստոսի մեջ  վեր հառնելու ուժ եք գտել

PanARMENIAN.Net - Անգամ պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ գտել եք կրկին վեր հառնելու ուժը և արժանապատվությամբ վերսկսելու ձեր ուղին։ Այս մասին ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ ՀՀ նախագահին ուղղված իր ելույթում:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը տեղական ժամանակով 15:00-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անցկացվեց դիմավորման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ:

Պապը ժամը 15:35-ին հայ հոգևորականների ուղեկցությամբ և եկեղեցու զանգերի ներքո ժամանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Տաճարում Հռոմի պապին դիմավորել են երեխաները՝ Վատիկանի և ՀՀ-ի դրոշներով: Մուտք գործելով Մայր տաճար` Պապը համբուրել է Սբ Ավետարանն ու Սբ Խաչը: Նա օրհնել է Մայր տաճարում հավաքվածներին, ընթերցել է «Ի մեջ տաճարիս» աղոթքը:

«Պարոն Նախագահ, մեծ ուրախություն է ինձ համար գտնվել այստեղ, հպվել այս հայկական աշխարհի հողին, այցելել հինավուրց և հարուստ ավանդույթներ ունեցող մի ժողովրդի, ով քաջությամբ է վկայել իր հավատքը, ով շատ է տառապել, բայց վերածնվել է միշտ», - ասել է Հռոմի պապը։

« …Մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, … հազարամյա քարն … աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր» («Ես իմ անուշ Հայաստանի», Եղիշե Չարենց): Սրանք մի քանի հզոր պատկերներ են, որոնք Ձեր հռչակավոր բանաստեղծը մեզ է ընծայում՝ լուսավորելու համար մեզ Հայաստանի պատմության խորության և բնության գեղեցկության մասին: Դրանք քիչ խոսքերի մեջ ամփոփում են մի ամբողջ ժողովրդի փառավոր և ողբերգական փորձառության արձագանքն ու խտությունը և տոգորող սերը Հայրենիքի հանդեպ», - հավելել է Պապը:

Նրա խոսքով, Մայր Տաճարում հիշատակվել է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը «հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այս ողբերգությունը, այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետն է, որն իրականցվել է ռասայական գաղափարախոսական կամ կրոնական մոտիվներով, դահիճի արարք, որի վերջնական նպատակը մի ամբողջ ազգի ոչնչացումն էր: Այդ ողբերգությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»։

«Հարգանքի իմ տուրքն եմ մատուցում հայ ժողովրդին, ով լուսավորված Ավետարանի լույսով, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ է գտել կրկին վեր հառնելու ուժը և արժանապատվությամբ վերսկսելու իր ուղին։

Սա ապացուցում է, թե որքան խորն են քրիստոնեական հավատքի արմատները և մխիթարության ու հույսի ինչ անհատնում գանձ են թաքցնում։ Մեր աչքի առաջ ունենալով անցյալ դարի ատելության, նախապաշարմունքի և տիրելու անսանձ փափագի պատճառած աղետաբեր հետևանքները, ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ և իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով։ Պետք է, հետևաբար, բազմապատկվեն բոլորի ջանքերը, որպեսզի միջազգային բանավեճերում գերակայությունը տրվի երկխոսությանը, խաղաղությանը հասնելու կայուն և անկեղծ պրպտումին, պետությունների միջև երկխոսությանը և միջազգային մարմինների վստահության մթնոլորտ կառուցելու մշտական ջանքերին՝ մնայուն համաձայնությունների հասնելու նպատակով», - ասել է Ֆրանցիսկոս պապը։

Նա շեշտել է, որ Կաթոլիկ եկեղեցին ցանկանում է ակտիվորեն համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր սրտի մոտ են ընդունում քաղաքակրթությունների ճակատագրերը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը՝ աշխարհում հոգևոր արժեքների գերակայությունը ապահովելու համար՝ դիմակազերծելով բոլոր նրանց, ովքեր աղավաղում են դրանց իմաստն ու գեղեցկությունը։ Այս կապակցությամբ, կենսական կարևորություն ունի այն, փաստը, որ բոլոր նրանք ովքեր հայտարարում են իրենց հավատը Աստծու հանդեպ, միատեղեն իրենց ուժերը՝ մեկուսացնելու բոլոր նրանց, ովքեր կրոնը ծառայեցնում են պատերազմական ծրագրեը առաջ տանելուն, հարստահարությանը և բռնի հալածանքին՝ գործիք դարձնելով և շահարկելով Աստծո Սուրբ Անունը։

«Այսօր, հատկապես քրիստոնյաները, գուցե առավել, քան առաջին մարտիրոսների ժամանակներում, որոշ տարածքներում խտրականության զոհ են և հալածվում են իրենց հավատը դավանելու համար, մինչդեռ բազմաթիվ հակամարտություններ աշխարհի տարբեր վայրերում դեռևս դրական լուծումներ չեն գտել, պատճառելով սուգ, ավերածություններ և ժողովուրդների պարտադրված գաղթ։

Անհրաժեշտ է, ուստի, որպեսզի ազգերի ճակատագրերի համար պատասխանատուները, քաջ կերպով և առանց հապաղելու միջոցներ ձեռնարկեն այդ տանջանքներին վերջ դնելու նպատակով՝ առաջնայնությունը տալով խաղաղությանը հետամուտ լինելուն, բռնությունների և հետապնդումների թիրախ դարձածների պաշտպանությանը և հյուրընկալմանը, արդարության խթանմանը և կայուն զարգացմանը։ Հայ ժողովուրդն անձամբ է վերապրել նման իրավիճակ. ծանոթ է տառապանքին ու ցավին, ծանոթ է հալածանքին, իր հիշողության մեջ պահում է ոչ միայն անցյալի վերքերը, այլ նաև ոգին, որը թույլ տվեց ամեն անգամ նորից սկսելու: Այդ իմաստով քաջալերում եմ նրան, որպեսզի երբեք չդադարի իր արժեքավոր ներդրումը բերել միջազգային հանրությանը:

Հռոմի պապը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը:

«Երջանիկ պահ է՝ ուրախանալու և առիթ՝ հիշելու նվաճած ձեռքբերումները և առաջադրելու նորանոր նպատակներ: Այս ուրախ հոբելյանի տոնակատարությունները առավել իմաստալից կլինեն, եթե բոլոր հայերի համար՝ Հայրենիքում թե սփյուռքում, այն ուժերը համախմբելու և համակարգելու յուրահատուկ պահ հանդիսանա՝ երկրի քաղաքացիական և հասարակական հավասարակշիռ ու համապարփակ զարգացումն ապահովելու նպատակով։

Կաթոլիկ եկեղեցին, իր հերթին, երկրում մարդկային սահմանափակ քանակով ներկա լինելով հանդերձ, ուրախ է բերել իր ներդրումը հասարակության աճին, հատկապես իր աշխատանքով՝ ուղղված ամենատկարներին և ամենաաղքատներին, առողջապահական և կրթական բնագավառներում և հատկապես բարեգործության ոլորտում, ինչպես դա են վկայում արդեն 25 տարի գործող Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի, Երևանի կրթօջախի գործունեությունը, Հայկական Կարիտասի նախաձեռնությունները և Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» մենաստանի կողմից իրականացվող գործունեությունը», - ասել է Պապը:

«Աստված օրհնի և պահպանի Հայաստանը՝ հավատով, նահատակների քաջությամբ, հույսով՝ ցավից առավել զորավոր, լուսավորված այս հողը»:

Հռոմի պապ. Քրիստոսի հավատը Հայաստանի համար սեփական ինքնության բաղկացուցիչ է

Կաթողիկոսը՝ Պապին. Մեր եկեղեցին մասնակցում է համաքրիստոնեական կյանքին, զարթոնք ապրում

17  24.06.16 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---