ՔԿ. Հուլիսի 29-ի դեպքերով 23 անձ է ձերբակալվել

ՔԿ. Հուլիսի 29-ի դեպքերով 23 անձ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Նշվում է, որ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից հուլիսի 30-ին ստացվել են նյութեր՝ հուլիսի 29-ի երեկոյան մի խումբ անձանց կողմից Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ։

«Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 29-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձինք կազմակերպել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում բռնություն է գործադրվել տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ», - ասված է Քննչականի հաղորդագրությունում։

Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ «Ժաձանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը։

Նախնական տվյալներով՝ հուլիսի 29-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու համար բժշկական կենտրոններ են դիմել 67 մարդ։

Քննություն է տարվում պարզելու վերջիններիս մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։

Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և հուլիսի 30-ի լույս գիշերը տեղի ունեցած միջադեպերի ժամանակ բերման ենթարկված 165 անձից 26 անձ ձերբակալվել են: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Սարի թաղում ցույցի լուսաբանման ժամանակ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կառլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը, ինչպես նաև վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը։ Տուժել են նաև PAN Photo-ի ֆոտոլրագրողները:

Հուլիսի 30-ին Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից զավթած ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նրա խոսքով, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները:

Կարդացեք նաև՝ Խորենացիում և Սարի թաղում ցույցերը ցրվել են. Տուժածներ, բերման ենթարկվածներ կան (Թարմացված)

Խորենացիում և Սարի թաղում դեպքերից հետո հիվանդանոցային բուժում է ստանում 26 մարդ

«Ժառանգության» փոխնախագահ Մարտիրոսյանի դեմ քրգործ է հարուցվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---