Պտղատու ծառերի ևս 300 տնկի է տրվել Ն. Կարմիրաղբյուրի զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Պտղատու ծառերի  ևս 300 տնկի է տրվել Ն. Կարմիրաղբյուրի զոհված ազատամարտիկների ընտանիքներին

PanARMENIAN.Net - «Դեմետրա-Էկո» բնապահպանական գյուղատնտեսական հասարակական կազմակերպությունը Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում իրականացրել է այգեգործության զարգացմանն ուղղված ծրագիր։

Համայնքի զոհված ազատամարտիկների, զինծառայողների և ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց ընտանիքներին ՀԿ-ի կողմից հատկացվել են պտղատու ծառերի տնկիներ։ 300 տնկիից 200-ը գաճաճ ընկուզենի են, իսկ 100-ը՝ արևելյան խուրմա։ Տնկիները բաժանվել են 30 ընտանիքի։

Հոկտեմբերին Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի զոհված ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների և ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց ընտանիքների այգիներում` ցրտահարության արդյունքում Արևելյան խուրմայի (կորոլյոկի) վնասված պտղատու ծառերը փոխարինվել են նոր տնկիներով։ Ծրագրի թիրախ ընտանիքները 30-ն էին, որոնց տրամադրվել է 10-ական ծառ: Տնկիների ընդհանուր քանակը եղել է 300 հատ, որից 200-ը եղել է Գաճաճ ընկուզենի, իսկ Արևելյան խուրման՝ 100:

«Դեմետրա-Էկո» ՀԿ-ի նախագահ Աննա Եղիազարյանը նկատում է, որ ծրագրի նպատակը ոչ թե մարդկանց մեկանգամյա օգնություն տրամադրելն էր, այլ հեռանկարային աջակցություն ցուցաբերելը։

«Մենք մտածել ենք տնտեսապես շահավետ աջակցություն ցուցաբերել։ Նման ներդրումը թույլ կտա բնակչին մի քանի տարի անց, մասնավորապես, արևելյան խուրմայի դեպքում 4 տարի հետո ստանալ բերք՝ մեկ ծառից 200-250 կգ։ Իսկ գաճաճ ընկուզենու դեպքում 2 տարի անց գյուղացիները կարող են բերք ստանալ. մեկ ծառը 80 կգ բերք է տալիս։ Որպես ծրագրի թիրախ ընտրել ենք զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները, և նրանք քիչ աշխատանքով կկարողանան իրենց առաջնային կարիքները հոգալ»,- ասում է ՀԿ ղեկավարը։

Եղիազարյանը նկատում է, որ մինչ ծրագրի մեկնարկը նախապես ուսումնասիրել էին Ներքին Կարմիրաղբյուր համայնքի կարիքները. «Մենք բազմիցս շփվել ենք սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ։ Ամռանը մեր փորձագետները եղել են Ներքին Կարմիրաղբյուրում։ Գնահատել են իրավիճակը, պարզել, թե ինչ ծառատեսակների կարիք ունեն, և տնտեսագետի հետ հաշվել են, թե ինչ ծառ պետք է տնկվի՝ եկամուտ ստանալու համար։ Տնտեսագետի և էկոլոգի համատեղ աշխատանքի շնորհիվ ընտրվել է տվյալ տեղանքին հարմար արևելյան խուրման և գաճաճ ընկուզենին։

Ընտրվել են այն սորտերը, որոնք նվազագույն ժամանակահատվածում առավելագույն արդյունք են տալիս։ Ընդ որում, ՀԿ մասնագետը մասնակցել է նաև ծառատունկին, որպեսզի տնկելու բոլոր նորմերը պահպանվեն»։

Եղիազարյանն ընդգծում է, որ կապ են պահում համայնքի հետ։ Մեկ շաբաթ առաջ կապվել են Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետի հետ և հավաստիացել, որ բոլոր տնկիները կպել են։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---