Գևորգյանցի հարազատները խնդրում են ծաղկին հատկացվող գումարը փոխանցել ՊՆ հիմնադրամին

Գևորգյանցի հարազատները խնդրում են ծաղկին հատկացվող գումարը փոխանցել ՊՆ հիմնադրամին

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին կյանքից հեռացած կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հարազատները խնդրում են ծաղիկների և ծաղկեպսակների համար հատկացվող գումարը փոխանցել ՊՆ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին:

Նրանց հայտարարության մեջ նշված է.

«Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար»:

Որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետևյալ հաշվեհամարին՝

Փոխանցումներ ՀՀ Դրամով`

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» Հիմնադրամ

Ստացողի հաշվի համարը` 103008661003

Ստացողի բանկի անվանումը` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ

«Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով»:

Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18։30-20։30, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին՝ ժամը 11։00-13։30, նույն եկեղեցում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։

Ռուբեն Ստեփանի Գևորգյանցը ծնվել է 1945-ին Երևանում, հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀՀ ժողովրդական արտիստ է (2006)։

1968-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1971-ին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-89 թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։ 2004-ից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ, 2005-ից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ։

Նկարահանել է մոտ70 ֆիլմ` «Ներսիսյանցիները» (1968թ.), «Մի լուսանկարի հետքերով» (1970թ.), «Ներշնչանք» (1972թ.), «Ամենալավ մարդը» («Վերադարձի ուղին» նովել, 1979թ.), «Աշխարհումս» (1979-89թթ), «Բարի հետք» (1980թ.), «Հայկական աչքեր» (1980թ.), «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (1983թ.), «Քանի դեռ ապրում ենք» (1986թ.), «Կղզիներ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ռեքվիեմ» (1989թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994թ.), «Գողը» (1995թ.), «Փարաջանով` վերջին կոլաժ» (1995թ.), «Մեր Կոմանդոսը» (2000թ.), «Քարեր ժողովելու ժամանակը» (2002թ.), «Հրաշագործի աշունը» (2008թ.) և այլն:

Մասնակցել է բազմաթիվ հայկական և միջազգային կինոփառատոների և արժանացել 21 դիպլոմի և մրցանակների, որոնցից 6-ը` գլխավոր:

1995-1998 թթ. դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1998-ից՝ ԵԹԿՊԻ-ում, պրոֆեսոր՝ 2003 թվականից։ Հեղինակ է «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա» գրքերի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---