ՊՆ․ Հարձակվել են Վիգեն Սարգսյանի մեքենայի վրա, թիկնազորն ուժ է կիրառել

ՊՆ․ Հարձակվել են Վիգեն Սարգսյանի մեքենայի վրա, թիկնազորն ուժ է կիրառել

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները, ըստ ՊՆ-ի, Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում հարձակվել են նախարար Վիգեն Սարգսյանի մեքենայի վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշված վայրում միջադեպը ժամը 18։00-ի սահմաններում է եղել։

«Ցուցարարները, որոնց մեջ նաև ակնհայտ սադրիչներ և անչափահասներ են եղել, ոչ միայն արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ աշխատավայր վերադարձող ծառայողական ավտոմեքենան, այլև անտեսել են անվտանգության ծառայության աշխատակիցների՝ մեքենան ապաարգելափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հորդորները, հարվածներ հասցրել ուղեկցող ավտոմեքենային, իսկ դիմակավորված ցուցարարներից մեկը փորձել է բացել պաշտպանության նախարարի ավտոմեքենայի դուռը։ Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը», - ասվում է հայտարարությունում։

«Պաշտպանության նախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, միաժամանակ հորդորում է չխոչընդոտել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող կառույցի ավտոմեքենաների՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղաշարժերը։ Դա էապես կարող է վտանգել ամեն օր մարտական խնդիր կատարող բանակի բնականոն կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների անխափան աշխատանքը», - ասվում է հայտարարությունում:

Հանրապետության հրապարակում ընթացող ցույցում ՊՆ հայտարարությունը դեռևս չեն մեկնաբանել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---