Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

PanARMENIAN.Net - 104 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:

Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր առմամբ կայսրության տարածքում՝ ավելի քան 800 մարդ: Ձերբակալվածներին գնացք նստեցրին Հայդարփաշայի կայարանում և նրանց այլևս ոչ ոք չտեսավ: Հայ մտավորականների գլուխները ջարդում էին քարերով, խոշտանգում էին ու գնդակահարում:

Բայց հայերի զանգվածային սպանությունները սկսվել էին դեռ 1894-96 թթ. սուլթան Աբդուլ Համիդի օրոք: Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվեց 1,5-2 մլն հայ: Ամբողջությամբ կոտորվեց Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթների բնակչությունը: Ցեղասպանության հետևանք դարձավ հայկական Սփյուռքը՝ ցեղասպանությունից մազապուրծ ու այլ երկրներում ապաստան գտած հայերն ու նրանց ժառանգները:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և վարում է այդ պատմական իրողության կատաղի մերժողականության քաղաքական կուրս ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ հայերի անվտանգության ապահովման նպատակով»: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին խոսում են միայն թուրք մտավորականության առանձին ներկայացուցիչներ, այդ թվում Թաներ Աքչամը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, իրվապաշտպան Զագիփ Զարաքոլուն:

2008-ի դեկտեմբերի 15-ին ինտերնետում զետեղվեց «Հայեր, ներեք մեզ» ուղերձը: Արշավի նախաձեռնողներն էին Ստամբուլի Բախչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասկին Օրանը և մտավորականության ևս 200 ներկայացուցիչ:

Խնդրագրի տակ ստորագրել էր մոտ 30.000 մարդ: «Ես չեմ կարող համակերպվել Օսմանյան կայսրության շրջանում հայերին պատուհասած այդ աղետի հանդեպ անտարբերության հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում են իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը և ներողություն եմ խնդրում նրանցից»,-ասվում էր ուղերձում: 2015-ի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:

Փաստաթուղթը նաև առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Բրազիլիան, Ավստրիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Ապրիլի 23-ի երեկոյան Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---