Կամերային տանը կկայանա Արարատ Աղասյանի «Քաջազի մշտավառ կանթեղը» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Արվեստի ինստիտուտի նորաստեղծ սփյուռքի բաժինը իրականացնում են սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործություններին նվիրված «Ակնարկներ սփյուռքահայ կերպարվեստի պատմության» մատենաշարի հրատարակումը: Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի կունենա մատենաշարի առաջին հատորի` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի հեղինակած «Քաջազի մշտավառ կանթեղը» գրքի շնորհանդեսը:



Մենագրությունը տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչատանը` հայերեն եւ անգլերեն լեզուներով, եւ նվիրված է ամերիկահայ ճանաչված նկարիչ, արվեստաբան Քաջազունի Քեչեճյանին, որն իր ստեղծագործություններում կարողացել է պահպանել եւ հավերժացնել հայ ազգային ոգին: Արվեստագետի «Աղօթող հայուհին», «Կինը` նատյուրմորտով», «Տիրամայրը մանկան հետ», «Հայկական բակ», «Սէր կամարների տակ» եւ բազմաթիվ այլ նկարներ խոսում են հին հայկական բարձրաքանդակների, նկարազարդ գերեզմանաքարերի, մեր բազալտի եւ տուֆի լեզվով:



Գրքում Քաջազի արվեստը մատուցվում է ժամանակագրական հերթականությամբ, հատկապես կարեւորվում են նրա կտավներում արտացոլված թեմատիկ ու կերպարային բովանդակության, ազգային մտածողության, գունային սուր ընկալումների, տեխնիկական յուրահատուկ կերտման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք դիտարկվում եւ հիմնավորվում են նկարչի բնորոշ աշխատանքների օրինակով:



Մենագրությունը լույս է տեսնում նկարչի 85-ամյակի առթիվ, որի տպագրման հետ կապված ծախսերը հոգացել է արվեստագետի այրին` ամուսնու արվեստի լավագույն գիտակը` բանասեր, գրաքննադատ Սաթենիկ Քեչեճյանը: Մեծանուն նկարիչ եւ քանդակագործ Երվանդ Քոչարը դեռեւս 1973թ. նկատել էր, որ Քաջազի մասին պետք է գրել առանձին մենագրություն: ՀՀ սփյուռքի նախարարությունը հրավիրում է մասնակցելու ավելի քան 30 տարի ուշացումով, սակայն մեծագույն արդիականություն վայելող Քաջազի մասին պատմող գրքի շնորհանդեսին:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---