Դիլիջանում միջազգային ինտերնատ-դպրոցի շինարարությունը կսկսվի 2010 թվականի գարնանը

Դիլիջանում միջազգային ինտերնատ-դպրոցի շինարարությունը կսկսվի 2010 թվականի գարնանը

PanARMENIAN.Net - Դիլիջան քաղաքում (ՀՀ Տավուշի մարզ) միջազգային ինտերնատ-դպրոց կկառուցվի, որի շինարարությունը ծրագրվում է սկսել ընթացիկ տարվա գարնանը: Այդ մասին մարտի 5-ին Դիլիջանում լրագրողներին հաղորդեց Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: «Նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ մենք հուսով ենք, որ այն կսկսի գործել 2013-ին»,- ասաց նա:

Նրա խոսքով, այդ դպրոցում սովորելու են 13-18 տարեկան պատանիներ եւ աղջիկներ ոչ միայն Հայաստանից, այլեւ ամբողջ աշխարհից: «Դպրոցի շրջանավարտները կկարողանան աշխարհի լավագույն բուհեր ընդունվել»,- վստահեցրեց Ռուբեն Վարդանյանը: Բացի դրանից, դպրոցին կից ճամբար կգործի, որտեղ հայ եւ այլազգի երեխաները կկարողանան անցկացնել իրենց ամառային հանգիստը:

Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահը հաղորդեց, որ դպրոցի ուսուցչական կազմը բաղկացած կլինի բարձրորակ մասնագետներից, որոնց թվում կլինեն ականավոր միջազգային գործիչներ ու գործարարներ, իսկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնել է գլխավորել դպրոցի խորհուրդը: Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ բազմաթիվ հայտնի գործիչներ հետաքրքրություն են դրսեւորում Հայաստանում նման դպրոցների ստեղծման գործում: «Դա Հայաստանի համար նոր մոդել է` միջազգային ինտերնատ-դպրոցի ստեղծում, որտեղ երեխաներն ապրելու եւ սովորելու են, եւ այն հիմք կդառնա երկրում նման դպրոցների քանակի հետագա ավելացման համար»,- ավելացրեց նա:

Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացավ Ամերիաբանկի նոր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա էին Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, բանկի գերագույն ղեկավարությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ այլ պաշտոնական անձինք:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---