Կստեղծվի հայ-պորտուգալական բառարան

PanARMENIAN.Net - 2009 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց « Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքի կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության» ծրագիրը: Ինչպես հունիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, 2010թ. նախարարությունը ևս մտադիր է մի շարք միջոցառումներ անցկացնել այդ ծրագրի շրջանակներում, որի համար պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 20 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում ապրիլի 1-մայիսի 31-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Բուենոս Այրես էր մեկնել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը: Այցի նպատակն էր օժանդակել հայեցի կրթությանը և դաստիարակությանը Լատինական Ամերիկայի հայաշատ վայրերում:

Ինչպես ասաց Պետրոսյանը, Պ.Բեդիրյանն իր հետ տարել էր շուրջ 120 կրթական և ուսումնաօժանդակ գրքեր ու նյութեր: Նաև մոտ 100 ուսուցիչ մասնակցել է վերապատրաստման դասընթացների: Ըստ Պետրոսյանի, նախարարությունը նախաձեռնել է այս ծրագիրը, քանի որ Հարավային Ամերիկայի հայկական համայնքը կտրված է մայր հայրենիքից և գտնվում է ուծացման վտանգի տակ: Դրա պատճառներն այն են, որ հայկական հեռուստաալիքներն այնտեղ արբանյակով չեն հեռարձակվում, շատ են խառն ամուսնությունները և նաև այն, որ հայության մոտ 70 տոկոսը ակտիվ չի մանսակցում համայնքային կյանքին:

Պետրոսյանը հայտնեց նաև, որ ծրագրի շրջանակներում նախարարությունը նաև համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ: Ըստ նրա, նախարարությունը այս տարի կաջակցի Սան Պաուլոյի հայագիտական կենտրոնին: Ըստ պայմանագրի, ֆինանսական աջակցություն կցուցաբերվի, կստեղծվի նաև հայ-պորտուգալական բառարան, և պորտուգալերենով հայկական քերականության մշակման ծրագիր, որով նախատեսվում է մասնագետի 6-ամսյա ժամկետով գիտական աշատանքի վարձատրություն, ինչպես նաև ֆինանսական աջակցություն բառարանի տպագրման համար: Ծրագրի շրջանակներում 3 հոգանոց խումբ էր մեկնել Ուրուգվայ, Արգենտինա և Բրազիլիա` ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո), ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյանը (Արամո) և ճանաչված երգչուհի Էմմա Պետրոսյանը: Երգիչները համերգային ծրագրով հանդես եկան Բուենոս Այրես, Կորդոբա, Մոնտեվիդեո և Սան Պաուլո քաղաքներում` ներկայացնելով էստրադային, ժողովրդական, գուսանական և ազգային երգեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---