Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է Շվեյցարիայի հայ համայնքի եկեղեցական կյանքը

Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է Շվեյցարիայի հայ համայնքի եկեղեցական կյանքը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշլին Կալմի-Ռեյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:

Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը, ողջունելով տիկին Կալմի-Ռեյին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև զարգացող համագործակցության համար` վստահություն հայտնելով, որ նախագահի այցը մեծապես պիտի նպաստի երկու ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը և արդյունավորմանը: «Մեզ միավորում է արժեքային համընդհանուր մի համակարգ, որի հիմքում ընկած է քրիստոնեական մեր հավատը: Այս առումով մեծապես կարևորում ենք մեր իբրև նաև հավատակից ժողովուրդների, համագործակցության ընդլայնումը տարբեր բնագավառներում», - նշեց Նորին Սրբությունը` ընդգծելով հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության և Շվեյցարիայում հայկական համայնքի կարևոր դերակատարությունը:

Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև տիկին Կալմի-Ռեյի անձնական միջնորդական ջանքերին` ուղղված առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի և բարի մաղթանքների համար: Իր խոսքում տիկին Կալմի-Ռեյն անդրադարձավ Շվեյցարիայի կյանքին:

Զրույցի ընթացքում խոսվեց Հայոց Ցեղասպանության խնդրի մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում այդ մեծ ողբերգության օրերին շվեյցարացի անհատների կողմից հայորդիներին ցուցաբերած սրտակցությունն ու մարդասիրական աջակցությունը: Ի դեմս նախագահի` Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի ժողովրդին` Հայոց ցեղասպանության ճանաչման ու մարդկության դեմ ուղղված ոճիրի մերժողականության դատապարտման համար:

Նորին Սրբությունն ու Շվեյցարիայի Համադաշնության նախագահը խոսեցին նաև տարածաշրջանում խաղաղության պահպանման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև այս առումով տարբեր երկրների և միջազգային կառույցների բերած աջակցության մասին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, Շվեյցարիայի հայոց թեմին և հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի Համադաշնության նախագահին ներկայացրեց նաև թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---