// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կյանքի 84-րդ տարում վախճանվել է երգիծանկարիչ Գեորգի Յարալյանը

PanARMENIAN.Net - Կյանքի 84-րդ տարում վախճանվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, Հայաստանի «Երգիծաբանների ասոցիացիայի» պատվավոր անդամ, երգիծանկարչության վարպետ Գեորգի Յարալյանը:

Տաղանդավոր հայ երգիծանկարիչը հեղինակ է պլակատների, երգիծանկարների, երգիծական ալբոմների, նրա ձևավորմամբ ու պատկերազարդմամբ լույս են տեսել «Ժողովրդական սրախոսություններ» (1992թ.), «Գյումրվա անեկդոտները» (1993թ.), «Եզոպոսի առակներ» (1994թ.) ընդհանուր թվով շուրջ 450 երգիծական գրքեր: Դրանք առանձնանում են Յարալյան արվեստագետին բնորոշ երգիծանքով ընդհանրացված պատկերային մտածողությամբ, սուր դիտողականությամբ ու քաղաքացիական դիրքորոշումով:

Գեորգի Յարալյանը երգիծանկարչի իր ուղին մամուլի էջերում սկսել է կերտել 27 տարեկանից: Ծաղրանկարներով հանդես է եկել «Ոզնի», «Ազգ», «Երևան» թերթերում, աշխատակցել է «Կրոկոդիլ» (Մոսկվա), «Քաջ նազար» (Լոս Անջելես) ամսագրերին: Մասնակցել է հանրապետական և արտերկրի (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիա, Սիրիա, Իրան, Դանիա, ԱՄՆ) հեղինակավոր ցուցահանդեսների, անհատական ցուցադրությունով հանդես է եկել Երևանում (1978թ.), Դանիայում (2004թ.): Նրա աշխատանքներից շատերը պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և այլ թանգարաններում:

Գեորգի Յարալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Գեորգի Յարալյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 22-ին` ժամը 12-14-ը, Հայաստանի Նկարիչների միությունում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ