Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում անցկացվեց «Գարեգին Նժդեհի գաղափարակիրը» միջոցառումը

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում «Գարեգին Նժդեհի գաղափարակիրը» խորագրի ներքո անցկացվեց հերթական միջոցառումը:

Համահայկական ծրագրերի վարչության մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի պետ Գ. Մնացականյանը բացման խոսքում նշեց, որ Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքական ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը 2009 թվականից իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում թե հայաստանյան, թե սփյուռքյան հայկական դպրոցներում:

Միջոցառմանը ելույթ ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Վերջինս ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը` անդրադառնալով Հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրո, ցեղապաշտության, արյան մաքրության, ուժի պաշտամունքի և այլ դրվագների:

«Դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումները` անկախ իրենց բնույթից, միահյուսվում են Նժդեհի գաղաղափարախոսությանը: Նժդեհյան գաղափարախոսությունը թևածում է մեր դպրոցում»,- ասել է դպրոցի պատմության ուսուցչուհի Թերեզա Գասպարյանը` ավելացնելով, որ նախկինում անգլերեն լեզվի խորացված ուսուցմամբ հ.161 դպրոցը 2001թ.` Գարեգին Նժդեհի 115-ամյակի կապակցությամբ, վերանվանվել է վերջինիս անունով:

Միջոցառման ավարտին աշակերտներին ներկայացվեցին դրվագներ ռեժիսոր Վարդան Օնանյանի «Առաջին այրերը» ֆիլմից:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մուշեղ Սինանյանը` հույս հայտնելով, որ դպրոցի սաները դպրոցում ստացած գիտելիքները կօգտագործեն ի շահ Հայրենիքի, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---