2011 թվականի «Արի տուն» ծրագիրը կմեկնարկի հունիսի 19-ին

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Հայաստանի սփյուռքի նախարարությունում «Արի տուն» 2011թ. ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կայացավ հանդիպում Երևանի Էրեբունի վարչական շրջանի դպրոցների տնօրենների, ծնողական և աշակերտական կոմիտեների նախագահների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Ղամբարյանը և այլ աշխատակիցներ:

Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց «Արի տուն» 2011թ. ծրագիրը, որը նախորդ տարիների համեմետությամբ նորացվել և բարելավվել է: Ծրագիրը մեկնարկում է հունիսի 19-ին, և մինչ սեպտեմբերի 25-ը կազմակերպվելիք 10 փուլի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից Հայաստան այցելած 13-20 տարեկան շուրջ 800 երիտասարդ 2 շաբաթով կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում և հայաստանաբնակ իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ամառային ճամբարին: 2011թ. ծրագիրը զուգահեռ կիրականացվի երկու տարիքային խմբերի` 13-16 և 17-20 տարեկանների համար:

Սիրվարդ Ղամբարյանն իր հերթին ծանոթացրեց «Արի տուն» ծրագրի նպատակներին` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքներ, զարգացնել ազգային ինքնագիտակցությունը, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային կապերի ամրապնդմանը:

Ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը, նպատակ ունենալով սփյուռքահայ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը և հայկական ազգային ավանդույթներին` կիրականացնի բազմաթիվ միջոցառումներ` այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում և այլն:

«Արի տուն» ամառային ճամբարում կիրականացվեն նաև ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմություն, կկազմակերպվեն երգի, պարի, գեղարվեստի խմբակներ:

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն սփյուռքահայ երիտասարդների հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների և տարբեր բնագավառների հայտնի անհատների հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---