«Ժառանգությունը» հանդիպել է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի ներկայացուցիչների հետ

«Ժառանգությունը» հանդիպել է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Վերջերս FaceBook սոցիալական ցանցում ձևավորված «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի ներկայացուցիչները` ակադեմիկոս Արթուր Իշխանյանը, Խաչիկ Գևորգյանը ու այլ երիտասարդ գիտնականներ և «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը և կուսակցության մի շարք երիտասարդ ակտիվիստներ մայիսի 4-ին հանդիպեցին նախաձեռնության առաջ քաշած հարցերը քննարկելու նպատակով:

Կողմերը իրենց մտահոգությունն արտահայտեցին Հայաստանում գիտության ներկայիս աղետալի վիճակի և հատկապես Կառավարության կողմից երիտասարդ գիտնականների հանդեպ անմարդկային ու հակապետական վերաբերմունքի կապակցությամբ: Օրինակ` նշվեց, որ բազմաթիվ տաղանդաշատ երիտասարդ գիտնականներ չափազանց ցածր աշխատավարձերի պատճառով (երբեմն` 28 000 դրամ) լքում են հայրենիքը: Գիտնականների միջին տարիքը վերջին 10 տարիների ընթացքում աճել է 10 տարով և այժմ հասնում է 57-58 տարեկանի: Այս աղետալի տեմպերով շուտով գիտությունը Հայաստանում կարող է բառացիորեն ֆիզիկապես դադարել գոյություն ունենալուց: Այսօր աշխարհում գիտնականների միջին մասնաբաժինը 1 մլն բնակչի հաշվով կազմում է 3500 մարդ, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը ընդամենը 1500 է: Հայաստանում նաև չեն կիրառվում գիտության բնագավառին վերաբերող միջազգային չափանիշները: Անգամ չկա օրենք փորձաքննության մասին: Խմբի անդամները տեղեկացրեցին նաև, որ FaceBook-ում տեղադրել են 14 հեղինակային ծրագրերի հակիրճ նկարագրությունները:

«Ժառանգության» ներկայացուցիչները նշեցին, որ կուսակցությունն իր ողջ գործունեության ընթացքում հետևողականորեն բարձրացրել է գիտության ֆինանսավորման ավելացման խնդիրը: Մասնավորապես, կուսակցության նախընտրական ծրագրում նշված է, որ այն պետք է հասցվի ՀՆԱ-ի 3%-ի մակարդակին: Նախընտրական ծրագրում, ինչպես նաև կուսակցության հիմնարար ծրագրում, մանրամասնորեն ամրագրված են նաև գիտության զարգացմանն ուղղված այլ առաջնահերթություններ և մեխանիզմներ: Այս ամենի մասին կարելի է տեղեկանալ հետևյալ հասցեներով:

2011թ. բյուջեում «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկել է գիտությանը հատկացվող գումարը բյուջեի 0,98%-ի փոխարեն դարձնել 1.5%, գիտնականների աշխատավարձը կրկնապատկել և, վերջապես, կենսաթոշակի անցած գիտնականների համար սահմանել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000թ.-ին ընդունված ՀՀ օրենքով նախատեսված հավելավճարները:

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի ոչ կուսակցական ներկայացուցիչները բարձր գնահատեցին «Ժառանգության» ջանքերը` ուղղված ամենաբարձր ամբիոններից և ԶԼՄ-ներով հայրենի գիտության հիմնախնդիրների բարձրաձայնմանը, ինչպես նաև կուսակցության օրենսդրական նախաձեռնությունները:

Սա խմբի ներկայացուցիչների առաջին նմանատիպ հանդիպումն էր որևէ քաղաքական կուսակցության հետ: Խումբը որոշել է առաջիկա օրերին հանդիպումներ ունենալ նաև այլ կուսակցությունների հետ, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---