Հայտարարվել է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի մեկնարկը

PanARMENIAN.Net - «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի մեկնարկը, որի շրջանակներում շաբաթը մեկ անգամ նախաձեռնության անդամները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզերում գտնվող հնավայրեր և կմաքրեն դրանց շրջակա տարածքը: Ակցիան իրականացվում է մասնակիցների անձնական միջոցներով:

Նախօրեին երիտասարդները այցելել են Վայոց Ձորի մարզի Ցաղաց Քարի վանական համալիր (989թ.):

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում բոլոր հայ երիտասարդներին միանալ ակցիային:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կազմավորվել է հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: Այն կոչված է համախմբել հայ երիտասարդությանը` հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ: «Ճանաչիր քո երկիրը» բացառապես երիտասարդների նախաձեռնությունն է, քաղաքականապես լիովին անկախ է և իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որևէ քաղաքական ուժի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---