Արմեն Գևորգյան. Միգրացիոն հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում

Արմեն Գևորգյան. Միգրացիոն հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պատվիրակությանը` տարածաշրջանային ներկայացուցիչ Անդրեաս Հալբախի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Ինչպես հաղորդում է ՏԿ նախարարության մամլո ծառայությունը, Արմեն Գևորգյանը բարձր գնահատեց կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ գործակցությունը և հույս հայտնեց, որ այն հետագայում ևս կշարունակվի: Փոխվարչապետը նշեց, որ միգրացիոն ոլորտի հարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրություն կենտրոնում. ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատվել է Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը, որում արտացոլված են նաև ՄՄԿ-ի հետ համագործակցության արդյունքները: Այս տարի նախատեսվում է հաստատել հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, որը ենթադրելու է առկա խնդիրների լուծման համար հստակ, գործնական քայլերի իրականացում: Արմեն Գևորգյանը հույս հայտնեց, որ ծրագրի իրագործմանը կաջակցի նաև ՄՄԿ-ն:

Միգրացիոն խնդիրները նաև Հայաստան- Եվրամիություն համագործակցության օրակարգում են: Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում զգալի դեր է հատկացված միգրացիոն հարցերին, և, ըստ Արմեն Գևորգյանի, Հայաստանը կարևորում է թե մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման, թե շարժունակության և գործընկերության ծրագրերը:

Անդրեաս Հալբախն իր հերթին պատրաստակամություն հայտնեց Հայաստանին հետաքրքրող ուղղություններով աջակցություն ցուցաբերել` հիմնվելով իրենց ունեցած փորձի և գիտելիքների վրա: Կազմակերպության անդամները նաև առաջարկեցին գործընկերային սկզբունքով օժանդակել ԵՄ-ի հետ համագործակցության գործընթացին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---