Հայաստանի կանանց հավաքականի հաջողությունը, ՖԻՖԱ վարկանիշը և Արոնյանի խոստումները

Մարտի 3-10-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Ֆուտբոլ. Ֆուտբոլի կանանց հավաքականը ոչ ոքի է խաղացել Մալթայի հավաքականի հետ և, երկրորդ խմբում զբաղեցնելով առաջին տեղը, ապահովել է մասնակցությունը 2013-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

PanARMENIAN.Net - ԵԱ նախնական փուլի վերջին խաղի առաջին խաղակեսում Վաղարշակ Ասլանյանի սաները զիջել են 0:1 հաշվով, բայց Քրիստինե Մանասարյանը 11-մետրանոցից կարողացել է հավասարեցնել հաշիվը: Իր խմբում Հայաստանի հավաքականը հավաքել է 5 միավոր` հաղթելով Ֆարերյան կղզիների հավաքականին և ոչ ոքի խաղալով Վրաստանի հետ:

Հայաստանի հավաքականը հիմնական փուլում միանալու է ՈՒԵՖԱ-ի ամենաբարձր վարկանիշով 36 թիմերին: Հիմնական փուլի բոլոր մասնակիցները բաժանվելու են 4 խմբերի հնգական թիմերով և երեք խմբերի` 6 թիմերով: 2011-ի սեպտեմբերի 17-ից 2012-ի սեպտեմբերի 19-ը յուրաքանչյուր հավաքական անցկացնելու է մեկական խաղ տանը և արտագնա մեկ հանդիպում խմբում մնացած մրցակիցների հետ:

Խմբերի հաղթողները և թիմերից լավագույններն անմիջապես եզրափակիչ փուլ են դուրս գալու: Մնացած 6 թիմերը, որոնք խմբային փուլում զբաղեցրել են 2-րդ տեղերը, մասնակցելու են որոշիչ խաղերին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հայտնի է դարձել կանանց շարքում ԵՎՐՈ-2013-ի խմբային որակավորման փուլի վիճակահանության զամբյուղների կազմը: Վիճակահանությունը կայանալու է մարտի 14-ին Նյոնում UEFA-ի կենտրոնակայանում:

Վիճակահանության նախօրեին 38 թիմեր բաժանվել են 5-ական զամբյուղի՝ UEFA-ի կանանց հավաքականների վարկանիշում նրանց տեղերին համապատասխան: Վիճակահանության ընթացքում ստեղծվելու են 4 խմբեր 5-ական թիմերով և 3 խմբեր` 6-ական թիմերով:

Հայաստանի հավաքականը Բուլղարիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Թուրքիայի, Իսրայելի, Խորվաթիայի, Ղազախստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Մակեդոնիայի թիմերի հետ հայտնվել է E զամբյուղում է:

Մարտի 8-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահաջել է 3 հորիզոնականով և 501 միավորով զբաղեցնում է 65-րդ տեղը:

2012-ի Եվրոպայի առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակցիները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստանն իջել է 13-րդ տեղը, Սլովակիան 22-րդ տեղում է, Իռլանդիան բարձացել է 34-րդ տեղը, Մակեդոնիան զիջել է դիրքերը է և 83-րդն է, Անդորրան նախկինի նման 202-րդ տեղում է:

Մարտի 7-ին սկսվել է Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքը, որը կայանալու է մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի շրջանակներում: Տոմսերի վաճառքը սկսվել է նախատեսվածից երեք օր շուտ:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՖՖ-ի մամլո ծառայությունում, մեկ երկրպագուին կվաճառվի չորս տոմսից ոչ ավելի, գնորդը պետք է ներկայանա անձնագրով:

Արևմտյան տրիբունայի տոմսերի գինը 7000 դրամ է, արևելյան տրիբունայի տոմսերինը՝ 5000 դրամ, իսկ հյուսիսային ու հարավային տրիբունաներինը՝ 3 000 դրամ:

Մարտի 8-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռոմայի» հետ պատասխան խաղում «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն խաղին ներկայացրել է այն ֆուտբոլիստներին, որոնք հանդես են եկել «Օլիմպիկոյի» հետ առաջին խաղում: Այս անգամ «Շախտյորը» կրկին ուժեղ գտնվեց և սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեց հակառակորդին:

«Ռոմայի» դարպասապահն առաջին գնդակն ընդունեց 18-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Վիլիանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տուգանայինում գետնին տապալեց Մարկո Բորիելոյին, և հանդիպման մրցավար Հովարդ Ուեբը 11-մետրանոց հարված նշանակեց, որը տուժածը չկարողացավ իրագործել:

Հանդիպման առաջին խաղակեսի վերջում հյուրերը մնացին 10 հոգով. պաշտպան Ֆելիպե Մեքսեսը ստացավ երկրորդ դեղին քարտը: Երկրորդ խաղակեսում հաշիվը կարող էր կրկնապատկել Մխիթարյանը, սակայն նրա ուժեղ հարվածը ետ մղվեց դարպասապահի կողմից: Մխիթարյանին 67-րդ րոպեին փոխարինեց Ալեքս Թեյշեյրան:

Վիլիանն աչքի ընկավ երկրորդ անգամ, խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Էդուարդոն: «Շախտյորը» պարտության մատնեց «Ռոմային» 3:0 հաշվով և երկու խաղերի արդյունքում 6:2 հաշվով ուղեգիր նվաճեց քառորդ եզրափակիչ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Շախմատ. Դոհայում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի վերջին փուլը, որին մասնակցեցին 12 ուժեղագույն շախմատիստուհիներ:

Էլինա Դանիելյանը, որը մինչև 10-րդ տուրը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, 11-րդ տուրում ոչ ոքի խաղաց Անտուանետտա Ստեֆանովայի հետ՝ վաստակելով 8 միավոր: Նույնքան միավոր է հավաքել նաև Համփու Քոնեյրուն (Հնդկաստան), սակայն ըստ լրացուցիչ միավորների դարձավ մրցաշարի հաղթողը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով ավարտեց իր ելույթը 9-րդ հորիզոնականում: 2010-11թ. Գրան պրիում Դանիելյանը զբաղեցրեց 5-րդ, իսկ Մկրտչյանը՝ 11-րդ տեղը: Քոնեյրուն, գրավելով երկրորդ տեղը, իրավունք ստացավ խաղալ Հոու Իֆանի հետ (Չինաստան), որը վաստակել է առավելագուն միավորները:

Մարտի 11-25-ը Մոնակոյում Լևոն Արոնյանը հանդես կգա ավանդական 20-րդ «Ամբեր» մրցաշարում, որտեղ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները կմրցեն երկու դիսցիպլիններում՝ արագ շախմատ և կույր շախմատ:

Մրցաշարից առաջ Արոնյանը Ծաղկաձորում անցկացրել է համատեղ մարզումներ և պատրաստվել գալիք մրցաշարերին: Նրա խոսքերով, մարզումների ժամանակ կատարվել է հսկայական և որակյալ աշխատանք, բայց իհարկե, նա չի հասցրել անել այն ամենն, ինչ պլանավորել է:

«Անկասկած «Ամբերը» կարևոր մրցաշար է, բայց ինձ համար որոշիչ չէ: Կփորձեմ գեղեցիկ խաղ ցույց տալ և լավագույնս պատրաստվել աշխարհի առաջնության հավակնորդների խաղերին»,- մարտի 5-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արոնյանը:

Աշխարհի առաջնության հավակնորդների խաղերը կայանալու են մայիսի 3-27-ը Կազանում, Արոնյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): Նրանք պետք է 4 խաղ անցկացնեն: «Ես Գրիշչուկի հետ հանդիպել եմ տարբեր մրցաշարերում, մեր հանդիպումները միշտ հետաքրքիր պայքարում են ընթացել, ինձ դուր է գալիս նրա խաղաոճը»,- ասել է գրոսմայստերը:

Թենիս. - Խուան Մոնակոն օգնեց Արգենտինայի հավաքականին կրկնապատկել Ռումինիայի հավաքականի նկատմամբ առավելությունը Դևիսի Գավաթի 1/8 եզրափակչում: Երկրորդ խաղում Մոնակոն հանդիպեց Վիկտոր Խանեսկուի հետ: Մոնակոն որոշ խնդիրներ ունեցավ այդ հանդիպման առաջին երկու սեթերում, սակայն արդյունքում մրցակցի նկատմամբ առավելության հասավ չորս սեթերում` 7:6, 1:6, 6:1, 6:1: Հանդիպումն ընդհանուր առմամբ 2 ժամ 50 րոպե տևեց, հաղորդում է gotennis.ru-ն:

Արգենտինայի հավաքականին առաջին հաղթական միավորը բերել էր Դավիթ Նալբանդյանը, որը չորս սեթերի արդյունքում հաղթեց Ադրիան Ունգուրին:

Մարտի 5-ին Խուան Իգնասիո Չելա – Էդուարդո Շվանկ զույգը կհանդիպի Վիկտոր Խանեսկու – Խորեյ Տեկաու զույգի հետ: Նալբանդյանն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 6-ին Վիկտոր Խանեսկուի հետ:

«Որովայնի ցավն իսկապես ինձ շատ էր անհանգստացնում: Գրիժան նույնպես հիշեցրեց իր մասին: Երբեմն ցավն ուղղակի անտանելի էր, բայց ես հանուն իմ երկրպագուների, որոնք եկել էին ինձ սատարելու, չէի կարող հրաժարվել պայքարից: Ես ջանում էի խաղալ` չմտածելով ցավի մասին: Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց հաղթանակ տանել»,- Նալբանդյանի խոսքն է մեջբերում առաջնության պաշտոնական կայքը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---