Դարչինյանի և Դոնեյրի միջև պայքարը ռինգից դուրս շարունակվում է արդեն 4 տարի, բայց ռևանշ-մենամարտ դեռ չի նախատեսվում

Մայիսի 19-26-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Բռնցքամարտ. Նոնիտո Դոնեյրը (Ֆիլիպիններ) արձագանքել է ռևանշ-մենամարտ անցկացնելու ցանկության մասին Վիկ Դարչինյանի վերջին հայտարարություններին. «Անցյալ տարի օգոստոսի 21-ին ծրագրված էր իմ մենամարտը Դարչինյանի հետ: Նա հրաժարվեց մենամարտից` վկայակոչելով, որ ես չափազանց շատ եմ երկարացնում գործարքը կնքելու հարցը: Սակայն մինչև մենամարտը դեռ երեք ամիս կար,- Դոնեյրի խոսքն է հաղորդում box-club.ru-ն:- Մեր առաջին մենամարտում ես գործարքը կնքեցի կշռման օրը: Այժմ ես լսում եմ, որ նա ինձ հետ ցանկանում է մենամարտել հենց հիմա` Պերեսի հանդեպ իր տարած հաղթանակից հետո: Բայց ահա թե ես ինչ կասեմ` նրա համարձակությունը միշտ էլ բավականացնում է մարտի հրավիրել, երբ դա անլուրջ է հնչում»:

PanARMENIAN.Net - «Դոնեյրը ստում է, նա ինքը հրաժարվեց 2010 թվականին ծրագրված մեր մենամարտից: Նա մշտապես երկարաձգում էր գործարքը ստորագրելու ժամանակը, բանակցությունները գրեթե 6 շաբաթ տևեցին: Ես իմ մենեջերին կխնդրեմ Դոնեյրի մենեջերի հետ քննարկել ստեղծված իրադրությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոնեյրի մեղադրանքներին է պատասխանել IBO վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանը:

Դոնեյրն ավելի վաղ վստահեցնում էր, որ Դարչինյանն ինքը չի ցանկացել, որպեսզի իրենց միջև ռևանշ-մենամարտը կայանա: «Այժմ ես լսում եմ, որ նա ինձ հետ ցանկանում է մենամարտել հենց հիմա` Պերեսի հանդեպ իր տարած հաղթանակից հետո: Բայց ահա թե ես ինչ կասեմ` նրա համարձակությունը միշտ էլ բավականացնում է մարտի հրավիրել, երբ դա անլուրջ է հնչում»,- խոստովանել է ֆիլիպինցին:

Մինչդեռ Դարչինյանն օրերս ասաց, որ արդեն չորս տարի փորձում է ռևանշ-մենամարտ անցկացնել Դոնեյրի հետ, սակայն վերջինս հրաժարվում է: Հայ բռնցքամարտիկի թիմն անգամ պատրաստ է իր ողջ հոնորարը ֆիլիպինցուն տալ հանուն մենամարտի: Դարչինյանն ու WBC/WBO վարկածով աշխարհի չեմպիոն Նոնիտե Դոնեյրը ռինգում հանդիպեցին 2007 թվականին, այդ ժամանակ հայ բռնցքամարտիկը նոկաուտով զիջեց ֆիլիպինցուն:

Խուլիո Սեզար Չավես-կրտսերն ու Վանես Մարտիրոսյանը «Wild Card Gym»-ում 6-ռաունդանոց սպարինգ են անցկացրել: Բռնցքամարտիկների գլխավոր մարզիչ Ֆրեդի Ռոուչը հայտնել է, որ երկու բռնցքամարտիկներն էլ լավ հարվածներ ունեն: «Չավեսը պատրաստ է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին, իսկ Վանեսը վերջին տարիների ընթացքում իր լավագույն մարզավիճակում է»,- Ռոուչի խոսքն է մեջբերում fightnews.com-ը:

Մարտիրոսյանը պատրաստվում է մեքսիկացի Սաուլ Ռոմանի հետ մենամարտին, որը կկայանա հունիսի 4-ին Լոս-Անջելեսի «Staples Center»-ում: Չավեսն այդ օրը միջին քաշային կարգում WBC գոտու համար կմենամարտի Սեբաստիան Զբիկի (Գերմանիա) հետ:

Երկամյա ընդմիջումից հետո Հայաստան է ժամանել IBF Inter-Continental վարկածով չեմպիոն Կարո Մուրադը (Գերմանիա), որը մարզվում է անվանի մարզիչ Ուլի Վեգների ղեկավարությամբ:

Բռնցքամարտիկը մայիսի 7-ին կայացած վերջին մարտում նոկաուտով հաղթանակ է տարել Օտիս Գրիֆինի (ԱՄՆ) նկատմամբ: «Ւմ հաղթանակը ես նվիրել եմ Շուշիի ազատագրմանը: Իմ մյուս մենամարտը կայանալու է օգոստոսին, բայց դեռ չգիտեմ, թե որտեղ է կայանալու մենամարտը և ով է լինելու մրցակիցը: Դրանից հետո ես տարեվերջին կամ 2012-ի սկզբին ցանկանում եմ մենամարտ անցկացնել աշխարհի չեմպիոնի գոտու համար»,- հայտարարել է Մուրադը:

Ֆուտբոլ. Մայիսի 20-ին Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը ներկայացրել է 20 ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրել են Հայաստան-Ռուսաստան խաղին և Կամերունի հետ ընկերական հանդիպմանը: Դիկ Ադվոկատը կոչ է անում չքննադատել Ռուսաստանի հավաքականին Հայաստանի հետ խաղից առաջ:

«Հայաստանի հետ խաղում որոշիչ է լինելու մեր ֆիզիկական պատրաստվածությունն ու կտրուկ խաղաոճը: Կտրուկ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն արագությունն, այլ նաև սուր, անսպասելի որոշումները: Ցավոք սրտի, մեր որոշ ֆուտբոլիստներ, մասնավորապես լեգիոներները, զրկված են մշտական խաղային պրակտիկայից, ես վստահ չեմ, որ նրանք կկարողանան ցուցադրել այդ կտրուկ ոճը, ինչն էլ ինձ մտահոգում է»,-խոստովանել է Ադվոկատը «Սպորտ-էքսպրեսին»:

Ադվոկատը գտնում է, որ թիմի շուրջ բացասական մթնոլորտ է ստեղծվել, իսկ թիմը նախկինի պես աջակցության կարիք ունի: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը վստահ է, որ ռուս ֆուտբոլիստները կաշխատեն քննադատությանը պատասխանել իրենց խաղով:

Ռուսաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը կարծում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը ժամանակի հետ կսկսի ավելի լավ խաղալ:

«Մենք պետք է ամեն ինչ անենք հունիսի 4-ին Հայաստանին հաղթելու համար, որպեսզի հետո երեք ամիս մինչև հավաքականի խաղերի վերականգնումը մեզ հանգիստ զգանք: Հիմա մենք լավ ֆուտբոլ չենք ցուցադրում, և ես հուսով եմ, որ վաղ թե ուշ մենք առաջ կգնանք, չէ որ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեզանից լավ ֆուտբոլ են ակնկալում»,- Արշավինի խոսքերըւ հաղորդում է ՌՒԱ Նովոստին:

2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև տեղի է ունենալու հունիսի 4-ի Սանկտ Պետերբուրգում «Պետրովսկի» մարզադաշտում:

2012թ. հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնության Ռուսաստան-Հայաստան ընտրական հանդիպման հայ երկրպագուների համար նախատեսված տոմսերը մայիսի 26-ից կվաճառվեն Երևանում և Մոսկվայում գտնվող ՀՖՖ գործընկեր «Visa Concord» ընկերության բոլոր գրասենյակներում:

Սանկտ Պետերբուրգում վաճառքը կիրականցվի Հայկական Եկեղեցուն կից խանութներում:

Տոմսերի արժեքներն են. հայ երկրպագուների համար մարզադաշտի առանձնացված հատվածում` 800 ռուբլի, իսկ արևմտյան տրիբունայում` 2300 ռուբլի:

Ձյուդո և ազատ ոճի ըմբշամարտ. Մախաչկալայում միջազգային առաջնությունից Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երկու ներկայացուցիչներ բրոնզե մեդալներով են վերադարձել: Մեդալակիր են դարձել Մուսա Մուրտազալիևը (74կգ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ):

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ դժգոհ է Աշոտ Տերտերյանի, Դավիթ Սաֆարյանի և Ռուսլան Բասիևի ելույթներից:

«Մայիսի 27-ից հունիսի 9-ը մենք 18 մարզիկների հետ միասին Վլադիկավկազում 13-օրյա համատեղ հավաք կանցկացնենք վլադիկավկազցի մարզիկների հետ: Այնտեղից կմեկնենք Վրաստան, որտեղ 14 մարզիկներ կմասնակցեն «Golden Grand Prix»-ին»,- ասել է Բաղդադյանը:

Հուլիսի 5-ին հավաքականը Ծաղկաձորում կսկսի պատրաստվել միջազգային առաջնությանը Կիևում, որը կկայանա հուլիսի 23-24-ին, այնուհետև Ալուշտայում թիմը ևս մեկ հավաք կանցկացնի: Սեպտեմբերի 12-ից 18-ը Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ վերջին երկու նախապատրաստական հավաքները հայ ազատ ոճայինները կանցկացնեն Երևանում:

Մայիսի 26-ին Հայաստանի ձյուդոյի հավաքականը մեկնելու է Մոսկվա, որտեղ մայիսի 28-29-ը մասնակցելու է Մեծ սաղավարտի խաղարկությանը: Մրցաշարում խաղարկվելու են վարկանիշային միավորներ 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Արթուր Գևորգյանը հաղորդել է, որ Մեծ սաղավարտում Հայաստանը կներկայացնեն աշխարհի բրոնզե մեդալակիր և աշխարհի գավաթակիր Հովհաննես Դավթյանը և Գոռ Հարությունյանը (երկուսն էլ 60ք/կ) և աշխարհի գավաթաակիր Արմեն Նազարյանը (66 ք/կ):

«Մրցաշարից հետո մեր մարզիկներն անցկացնելու են եռօրյա համատեղ հավաք 60 երկրների ձյուդոիստների մասնակցությամբ: Այնուհետև Հարությունյանը վերադառնալու է Հայաստան, քանի որ պատրաստվելու է Եվրոպայի գավաթի խաղարկությանը, իսկ Դավթյանը և Նազարյանը մեկնելու են Բուխարեստ»,- ասել է Գևորգյանը:

Բուխարեստում հունիսի 4-5-ը տեղի է ունենալու տղամարդկանց շարքում աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որից հետո հայ մարզիկները Բուխարեստի մոտ գտնվող օլիմպիական բազայում կրկին անցկացնելու են հավաք, այս անգամ քառօրյա: Դավթյանը և Նազարյանը Հայաստան են վերադառնալու հունիսի 9-ին:

«Ձյուդոիստները մի քանի օր հանգստանալու են, հետո մեկնելու են Ռիո դե Ժանեյրո, որտեղ հունիսի 18-19-ը տեղի է ունենալու հերթական վարկանիշային մրցաշարը»,- ասել է մարզիչը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Ուշադրության կենտրոնում
Մխիթարյանը քննադատել է «Արսենալի» մարզչի մարտավարությունը

Մխիթարյանը քննադատել է «Արսենալի» մարզչի մարտավարությունը «Ես արդեն 30 տարեկան եմ, և սիրում եմ խաղալ, ոչ թե ուղղակի ժամանակ անցկացնել նստարանին»,-ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»