Ալեքսան Ավետիսյան.

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը ենթադրում է ավելի քան 40 հավաքականների մասնակցություն

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստվում է հերթական լայնածավալ միջոցառումն անցկացնելուն: Արդեն երկրորդ անգամ 2009-ում Երեւանում տեղի է ունենալու խոշոր միջազգային մրցաշար, այս անգամ` ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը սեպտեմբերի 11-13-ը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան սկսել է նախապատրաստվել գալիք առաջնությանը: Նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին PanARMENAIN.Net-ի թղթակցին պատմել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Ինչպե՞ս է Հայաստանին հաջողվել ստանալ այնպիսի լայնածավալ միջոցառումն անցկացնելու իրավունք, ինչպիսին Եվրոպայի առաջնությունն է:

Մենք դեռ երկու տարի առաջ մեր թեկնածությունն առաջարկել էինք Ձյուդոյի եվրոպական միությանն առաջնությունն անցկացնելու համար: Մեզ ներկայացվել են պարտադիր պայմաններ, որոնք պետք է կատարեինք:

Մեզ հետ միասին եւս 4 երկիր էր ներկայացրել իր թեկնածությունը, այդ թվում Իսպանիան, Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան: Վերջնական որոշում ընդունվել է անցյալ տարի Աթենքում տեղի ունեցած կոնգրեսի ժամանակ: Նախապատվությունը մեզ տալու մեջ կարեւոր դեր են խաղացել վերջին տարիների մեր մարզիկների ելույթները, ինչպես նաեւ Ֆեդերացիայի հետեւողական աշխատանքը:

Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում Եվրոպայի առաջնությունը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Համաձայն ձյուդոյի Եվրոպական միության պահանջների, մեր Ֆեդերացիայի հետ պայմանագիր է ստորագրվել: Կազմվել է որոշակի ծրագիր եւ հավաքվել է աշխատանքային խումբ: Մենք պարբերաբար ժողովներ ենք գումարում, որոնց ընթացքում լուծվում են մի շարք հարցեր, այդ թվում` հյուրանոցների, տրանսպորտի եւ տարբեր կազմակերպչական խնդիրներ:

Ինչպես արդեն հայտնի է, չեմպիոնատը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Առաջնությունն անցկացնելու տեղի եւ կազմակերպչական հարցերի հետ կապված` մայիսին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ձյուդոյի եվրոպական միության տնօրեն եւ գալիք առաջնության համակարգող Ինգրիդ Պետերսոնը, որը գոհ է մնացել նախապատրաստական աշխատանքների ընթացքից:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք, առաջին հերթին, կառուցել մրցասպարեզ, հագեցնել այն անհրաժեշտ պարագաներով, այդ թվում ճիշտ կառուցել հարթակը, մենք դրա համար արդեն մշակել ենք 3D ծրագիրը, որով առաջնորդվում ենք:

Քանի՞ երկրների մասնակցություն է սպասվում առաջնությունում:

Սպասվում է ավելի քան 40 երկրների մասնակցություն, այսինքն Երեւան են ժամանելու 500-600 մարդ, որոնցից 350-ը մարզիկներ են լինելու:

Ինչպիսի՞ ծախսեր է ենթադրում նմանատիպ միջոցառման կազմակերպումը եւ կան արդյոք բավարար ֆինանսական միջոցներ

Պետությունը մեզ տրամադրել է 30 մլն դրամ Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար: Բնական է, դա բավարար չէ առաջնությունը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Պահանջվում է 130-150 մլն դրամ: Տվյալ պահին մենք հովանավորներ ենք փնտրում, որոնք կարող են ֆինասական աջակցություն տրամադրել:

Մեծ օգնություն է ցուցաբերում նաեւ Հայաստանի ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, եւ արդեն օրերս տեղի է ունենալու Սպորտի նախարարության կոլեգիայի նիստը եւ ԱՕԿ ղեկավարի հետ առաձին հանդիպումը, որում մենք կորոշենք բոլոր կարեւոր հարցերը` կապված Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու հետ:

Ինչպիսի՞ կազմով է հանդես գալու Հայաստանի հավաքականը գալիք առաջնությունում:

Մեր տղամարդկանց հավաքականը հանդես կգա 8 քաշային կարգերում, իսկ կանանց հավաքականը դեռ պարզ չէ, քանի որ մեր աղջիկների մակարդակը բավականաչափ բարձր չէ Եվրոպայի առաջնության համար: Չնայած նրան, որ մենք մի շարք լավ մարզուհիներ ունենք եւ մեծահասակների, եւ երիտասարդների շարքում, դա բավարար չէ: Նրանցից մեկը` Երջանիկ Կարապետյանը, տվյալ պահին գտնվում է Սլովենիայում Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Հուսով եմ, որ կանանց հավաքականը նույնպես հանդես կգա 8 քաշային կարգերում:

Ինչպիսի՞ն է Ադրբեջանի երիտասարդական հավաքականի մասնակցության հավանականությունը Եվրոպայի առաջնությունում:

Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի նման Ձյուդոյի եվրոպական միության անդամ է, ապա բնական է, որ նրանց եւս հրավեր է ուղարկվել: Թուրքիան անպայման մասնակցելու է առաջնությանը, իսկ Ադրբեջանը որոշ ժամանակ մտածելուց հետո դրական պատասխան է տվել: Երկրի ղեկավար եւ Ադրբեջանի ԱՕԿ նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերով, Ադրբեջանի հավաքականը պետք է մասնակցի առաջնությանը: Այնպես որ մեծ հավանականություն կա, որ նրանք կժամանեն Երեւան:

Առաջընթաց նկատվու՞մ է Հայաստանում ձյուդոյի մեջ ինչպես զանգվածայնության տեսանկյունից, այնպես էլ մարզիկների մակարդակի:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ձեւավորվել է 1992-ին: Սկզբից մենք գրեթե ոչինչ չունեինք, եւ ամեն ինչ զրոյից ենք ստեղծել: Աստիճանաբար ամեն կարգավորվեց եւ 90-ականների կեսերից մենք սկսեցինք մասնակցել միջազգային մրցաշարերի, այդ թվում Եվրոպայի եւ աշխարհի բոլոր առաջնություններին: Ճիշտ է, եղել է կարճ ժամանակաշրջան, երբ մենք չենք կարողացել մասնակցել երիտասարդական առաջնությունների: 2003-ին առաջին անգամ մինչեւ 23 տ ձյուդոիստների Եվրոպայի առաջնությունը տեղի է ունեցել Երեւանում, եւ Արմեն Նազարյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը, Վարուժան Իսրայելյանը եւ Անուշ Հակոբյանն արժանացել են արծաթե մեդալների, Ղազարոս Գրիգորյանը` բրոնզի: Այդ ժամանակվանից ի վեր մենք յուրաքանչյուր միջազգային մրցաշարից վերադառնում ենք մեդալներով:

Եվրոպայի անցյալ երիտասարդական առաջնության ժամանակ Արտյոմ Բաղդասարյանի ջանքերով Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ արծաթե մեդալ: Բաղդասարյանը մասնակցելու է նաեւ Եվրոպայի գալիք առաջնությանը եւ մենք մեծ հույսեր ենք կպապում նրա հետ: Նշեմ նաեւ, որ նրա մարզիչ Կարեն Սիմոնյանը Հայաստանի ամենաշնորհաշատ մարզիչներից է, որի շնորհիվ շատ լավ ձյուդոիստներ են եղել: Նրա աշակերտներից Հովհաննես Դավթյանը Մոսկվայի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում նվաճել է չեմպիոնի տիտղոս:

Հսկայական աշխատանք է տարվել ինչպես Ֆեդերացիայի, այնպես էլ մեր մարզիչների կողմից մի շարք սպորտային միջոցառումների աջակցելելիս:

Ինչո՞վ եք բացատրում հայ ձյուդոիստների ոչ այդքան հաջող ելույթներն ընթացիկ տարվա առաջին կեսում:

Այս տարի միջազգային մրցաշարերի մասնակցել են հիմնականում երիտասարդ մարզիկներ: Մենք ցանկանում էինք նրանց հնարավորություն տալ միջազգային փորձ ձեռք բերելու հետագա հաջողությունների համար: Միաժամանակ թեթեւացնում ենք սերնդափոխության գործընթացը: Փորձառու մարզիկներից ելույթ են ունեցել միայն Հովհաննես Դավթյանը եւ Արմեն Նազարյանը, որոնք համեմատաբար լավ արդյունք են ցուցաբերել:

Ինչ վերաբերում է մեծերի հավաքականին, ապա նրանք պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Ռոտերդամում (Հոլանդիա) 2009-ի օգոստոսի 25-31-ը: Մենք պլանավորում ենք ներկայացնել 4 տղամարդ եւ 1 աղջիկ, եւ մեծ հույսեր ենք կապում մեր մարզիկների հետ աշխարհի առաջնությունում:

---