ՖԱՖ. Առաջնային նպատակը մնում է ՀՖՖ-ից Հայրապետյանի հեռացումը

ՖԱՖ. Առաջնային նպատակը մնում է ՀՖՖ-ից Հայրապետյանի հեռացումը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի «Առաջին հայկական ճակատ» (FAF) ֆան շարժումը հանդես է եկել հայտարարությամբ:

«Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը միջազգային մամուլը անդրադարձել է «Սա ուղղակի ռումբ է», «Պայթյուն պարզ երկնքում», նմանօրինակ ու նմանատիպ վերնագրերով: Գործին խառնվեցին նաև միջազգային իրավաբաններ, որոնք խաղերի վաճառելու, առուծախի, պայմանավորված հանդիպումներ հետաքննելու մեծ փորձ ունեն: Միջազգային ԶԼՄ-ների ու փորձագետների միանշանակ կարծիքը հետևյալն էր, որ Ռուբեն Հայրապետյանը այս ամենն անում է, որպեսզի հայ մարզասերի, հանրության ուշադրությունը շեղի հայկական ֆուտբոլի արդիական, լուծում չստացած բազմաթիվ խնդիրներից:

Նոյեմբերի 25-ին մի շարք ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահՌուբեն Հայրապետյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի` Ալբանիայի ընտրանու հետ հանդիպման խաղի ժամանակ որոշ ֆուտբոլիստների կողմից եղել է խաղի դավաճանություն, սակայն չի նշել կասկածվող ֆուտբոլիստների անունները: Նոյեմբերի 30-ին, Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան շարժումի հետ հանդիպմանը, Հայրապետյանն ընդգծել է նաև, թե ինչ է նկատի ունեցել` ասելով դավաճանություն. «Դավաճանություն բառին պետք է խորությամբ նայել: Դա այն է, երբ ֆուտբոլիստը, կրելով ազգային հավաքականի խաղաշապիկը, խաղերին չի նվիրվում, մարզումներին լրջությամբ չի մոտենում»:

Նա բացեիբաց, ի լուր աշխարհի դավաճան է հայտարարել ՀՖՖ հովանու ներքո հանդես եկող ազգային թիմի որոշ ֆուտբոլիստների՝ չունենալով ոչ մի հիմք ու փաստարկ: Իսկ մեր ազգային թիմի առաջատարների հայտարարությունից հետո, Հայրապետյանը արձագանքեց՝ նշելով, որ դավաճանություն ասելով ինքը լրիվ այլ բան է նկատի ունեցել: ՖԱՖ-ի կարծիքով նման լուրջ ու հեղինակավոր կառույցի առաջին պաշտոնական ներկայացուցիչն ու պատասխանատուն ուղղակի իրավունք չուներ Հայաստանի ֆուտբոլային հեղինակությունը եվրոպական մի շարք երկրներում կասկածի տակ դնելով, անպատասխանատու, անհիմն հայտարարություններ անել Հայրապետյանը չտիրապետելով իրավիճակին, մեղադրում է բոլորին՝ մարզիչներին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին», - ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ ՖԱՖ-ի՝ Հայաստանում առաջին և ամենամեծ ֆան շարժման առաջնային նպատակը մնում է Ռուբեն Հայրապետյանի հեռացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկից:

«ՖԱՖ-ը ցանկանում է ՀՖՖ ղեկին տեսնել պատասխանատու, աջ ու ձախ մեղավորներ չփնտրող, ինքնաքննադատ, հաշվետու, պրոֆեսիոնալ ղեկավարի, ում համար Հայաստանի ֆուտբոլային հանրությունը չի ամաչի:

Մենք թույլ չենք տա, որ վտանգվի հաջորդ, ամենայն հավանականությամբ ներկա սերնդի ամենակարևոր ընտրական փուլը: Մեր գործողություններն ու միջոցառումները կշարունակվեն նաև սույն թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում», - նշում է ֆան շարժումը:

Ռուբեն Հայրապետյանը Red Eagles ֆան շարժումի հետ հանդիպմանը խոսել է նաև իր պաշտոնավարման մասին.

«Եթե աշխարհի 2018-ի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ:

Հայաստանի առաջնությունում տոտալիզատոր է մտել, նաև այդ աղբը պիտի փորձեմ մաքրել: Ավելի ասեմ, եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, ես հրաժարական կտայի: Ուղղակի ինձ թասիբի են գցել. պետք է աշխատեմ»:

«Առաջին հայկական ճակատ»-ը նաև շնորհակալություն է հայտնել հավաքականի տղաներին՝ իրենց կոչին միանալու, Հայրապետյանի հայտարարությանը պատասխանելու համար:

«Հաստատում ենք, որ իրադարձությունների յուրաքանչյուր զարգացման դեպքում ՖԱՖ-ը մինչև վերջ սատար է կանգնելու հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին և վստահություն ենք հայտնում, որ այս միջադեպի հետևանքով ունենալու ենք ինչպես ավելի կուռ և միասնական կոլեկտիվ, այնպես էլ հայ երկրպագու-ֆուտբոլիստ հրաշալի հարաբերություններ», - ասվում է հայտարարությունում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Կառլեն Մկրտչյանը ու Հրայր Մկոյանը հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու ՀՖՖ նախագահի մամլո ասուլիսին արձագանքող հայտարարությամբ են հանդես եկել:

«Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու», - ասվում է Armfootball.com-ի տարածված հայտարարության մեջ:

Red Eagles ֆան շարժումի հետ հանդիպմանը Հայրապետյանը հայտնել է նաև, որ ամենայն հավանականությամբ արդեն դեկտեմբերին հայտնի կդառնա ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Նա նշել է, որ արտասահմանում աշխատող միակ մասնագետը, ում դիտարկում է այդ պաշտոնում, ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն է: Պաշտոնյան հայտնել է, որ նախկինում այդ մասնագետին 2 անգամ առաջարկել է գլխավորել ազգային ընտրանին, սակայն Տեր-Զաքարյանն անձնական պատճառներով մերժել է հրավերները: Հայրապետյանն ասել է, որ պատրաստվում է երրորդ առաջարկն անել ֆրանսիական թիմի մարզչին:

Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած Ալբանիայի դեմ խաղի առաջին երկու գոլը գրանցվել էին Կամո Հովհաննիսյանի ու Ռոբերտ Արզումանյանի ինքնագոլերից հետո։ Տեղեկությունը, թե ալբանական կողմը գնել է հայ ֆուտբոլիստներին, խաղից հետո սկսեցին տարածել ալբանական ու սերբական ԶԼՄ-ները։ Հայաստան-Սերբիա հանդիպումը Եվրո-2016-ի որակավորման փուլի I խմբի վերջին խաղն էր: Հայաստանի հավաքականի դեմ հաղթանակից հետո Ալբանիայի հավաքականը վաստակեց 14 միավոր և, շրջանցելով Դանիային, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելով: Հոկտեմբերի 13-ին սերբական Kurir.rs պարբերականը գրել էր, որ ՈւԵՖԱ-ն պատրաստվում է հետաքննել Հայաստան-Ալբանիա (0-3) հանդիպումից հետո տարածված լուրերը, թե ալբանացիները 500․000-ական եվրո են վճարել հայ 4 ֆուտբոլիստի խաղը հանձնելու և իրենց երկրի հավաքականին հաղթանակ ապահովելու համար։

UEFA-ն՝ մեկնաբանելով լուրերը, հայտնել էր PanARMENIAN.Net ին, որ կոնկրետ խաղի համար մեկնաբանություն չունի ու հետաքննություն է սկսում միայն եթե որևէ արտասովոր բան է բացահայտվում:

Կարդացեք նաև՝ ՀՖՖ նախագահ. Եթե 2018-ի ԱԱ-ում հավաքականը ձախողվի, հրաժարական կտամ

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---