Մխիթարյանի «կարիճը»` ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլ

Մխիթարյանի «կարիճը»` ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» հետ խաղում (3:1) ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլն է ճանաչվել:

Դեկտեմբերի 26-ին Մխիթարյանը «Սանդերլենդի» հետ խաղում, փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին, 86-րդ րոպեին դարձավ անհավանական գոլի հեղինակ` Զլատան Իբրահիմովիչի փոխանցմամբ:

«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլի հեղինակի կոչմանը: Ես ցանկանում եմ ին հաղթանակը կիսել թիմիս և Սանդերլենդի փոքր հերոս Բրեդլի Լոուրիի հետ»,-գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Բրեդլի Լոուրին քաղցկեղով հիվանդ փոքրիկ է:«Սանդերլենդի» ղեկավարությունը թույլատրել էր 5-ամյա տղային «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ մտնել խաղադաշտ և իրացնել 11 մետրանոց հարվածը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանի գոլերը հայտնվել են «ՄՅու» դեկտեմբերի լավագույն գոլի համար քվեարկության առաջին 3 տեղում: Առաջին տեղը ձայների 79%-ով բաժին է ընկել «Սանդերլենդի» հետ խաղում կրունկով իրացրած գնդակին: Երկրորդ լավագույն գոլը ճանաչվել է Լուգանսկի «Զարյաի» դեմ խաղում նրա խփած գնդակը, իսկ 3-րդ տեղում ձայների 4%-ով հաղթական գոլն է «Տոտենհեմի» դարպասին

Ավելի ուշ Մխիթարյանն ակումբի պաշտոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով «Սանդերլենդի» դարպասը խփած գոլին, ասել է. «Միգուցե դժվար կլինի ավելի լավ գոլ խփել, հիմա այդպես ենք մտածում, բայց լավից լավ էլ կա, միգուցե մի օր ավելի գեղեցիկ գոլ խփեմ»,-հայտնում է Armfootball-ը:

Նա ասել է նաև, որ «Յունայթեդում» խաղալը մարտահրավեր էր և որ ինքը երջանիկ է խաղալ այդ ակումբում: «Միշտ էլ իմացել եմ, որ այստեղ խաղալիս մեծ ճնշման տակ ես լինում, պետք է դիմանաս այդ ճնշմանը, որովհետև եթե այստեղ ես, նշանակում է արժանի ես: Այդ պատճառով էլ չհանձնվեցի այն օրերին, երբ չէի հայտնվում կազմում: Քրտնաջան աշխատում էի ու գիտեի, որ մի օր ստանալու եմ հնարավորություն և պետք է օգտագործեմ այն: Կարծում եմ` ստացվեց, ու երջանիկ եմ»:

Մխիթարյանը «ՄՅու» կազմում մասնակցել է 7 խաղի` դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---