2010 թվականի նետաձգության Գրան-պրիի 2-րդ փուլը կանցնի Հայաստանում

PanARMENIAN.Net - Օրերս Հայաստանի նետաձիգների հավաքականը վերադարձավ Ժեշուվ քաղաքից, որտեղ մասնակցում էր նետաձգության 10-րդ աշխարհի ձմեռային առաջնությանը: Գլխավոր մարզչի եւ Հայաստանի նետաձիգների ֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Վասիլյանի գլխավորությամբ Լեհաստան էին մեկնել 4 մարզիկներ` Հովհաննես Պետրոսյանը, Գրիգոր Դովմալյանը, Գոհար Շահնազարյանն ու Նունե Վասիլյանը: Բոլոր հայ նետաձիգները հանդես էին գալիս 18+18 մարզաձեւում, սակայն անհաջող: Ըստ Բորիս Վասիլյանի, բոլորն անհաջող հանդես եկան, հատկապես Հովհաննես Պետրոսյանն ու Գրիգոր Դովմալյանը:



«Տղամարդկանց մրցումներում մեր թիմն անհաջող հանդես եկավ, Հովհահնես Պետրոսյանը գրավեց 55 տեղը, իսկ Դովմալյանը` 53-րդ: Աղջիկները հանդես էին գալիս կանանց պատանեկան առաջնության շրջանակներում եւ ավելի լավ ցուցանիշներ ցույց տվեցին: Գոհար Շահնազարյանը զբաղեցրեց 18-րդ տեղը, իսկ Նունե Վասիլյանը` 28-րդ: Այժմ մենք նախապատրաստվում ենք Գրան-պրիի երկրորդ փուլին, որը տեղի կունենա մայիսի 19-24-ը Սոֆիայում: Այնուհետեւ հունիսին մենք կմասնակցենք Գրան-պրիի երրորդ փուլին Անթալիայում հունիսի 2-7-ը: Իսկ Գրան-պրիի 1 փուլին, որը կանցնի Ֆրանսիայում ապրիլի 14-19-ը, մենք չենք մասնակցի: Իսկ ապրիլի 10-15 Հայաստանում կմեկնարկի երկրի նետաձգության առաջնությունը, որի արդյունքում մենք կպարզենք հավաքականի կազմը առաջիկա մրցաշարում»,-ասել է Վասիլյանը:



Հայաստանի հավաքականը կմասնակցի նաեւ 45-րդ աշխարհի ամառային առաջնությանը, որը կանցնի Ուլսանում (Հարավային Կորեա) սեպտեմբերի 1-10-ը: Իսկ 2010 թվականի Գրան-պրիի 2 փուլը կանցնի Հայաստանում:



«Հարավային Կորեայում կայանալիք առաջնությանը մենք դեռ չենք սկսել պատրաստվել: Սակայն ասեմ, որ մենք պայմանավորվածություն ունենք Վրաստանի նետաձիգների ֆեդերացիայի հետ: Ամեն տարի մենք մեկնում ենք Վրաստան, որտեղ մասնակցում ենք մրցաշարին` Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու մեր հավաքականների միջեւ: Սա նախապատրաստական փուլի միջոցառումներից մեկն է,-ասել է Վասիլյանը,-Հայաստանում այդ սպորտաձեւի կարեւոր խնդիրներից մեկը մարզիկների քանակն է` նրանք շատ քիչ են: Տղամարդիկ մոտավորապես 11-12 հոգի են, իսկ կանայք 3-4: Ես կարծում եմ, որ այս մարզաձեւը հարկավոր է գովազդել: Իսկ ինչ վերաբերում է 2010թ. Գրան-պրիի 2 փուլին, ապա մենք ստացանք այդ մրցաշարն անցկացնելու իրավունքը, սակայն դեռեւս կոնկրետ ոչ մի բան ասել չեմ կարող: Գուցե միայն այն, որ մրցաշարը կանցնի Երեւանում, կամ Էջմիածնում»,-հավելել է նա:



Հարավային Կորեայում աշխարհի ամառային առաջնությանը հայ նետաձիգները ելույթ կունենան M1 մարզաձեւում, որը ներկայացնում է 90, 70, 50 եւ 30մ հեռավորության նետաձգությունը տղամարդկանց եւ 70,60,50,30մ հեռավորության նետաձգություն կանանց համար:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---