Լիլիթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի անհատական առաջնության միանձնյա առաջնորդը

PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կանանց շրջանում Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ փուլում հերթական հաղթանակն է տարել: Այս անգամ Մկրտչյանը սպիտակներով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Սոկոյին: Վեցերորդ փուլից հետո Մկրտչյանը 5,5 միավորով դարձել է մրցաշարի միանձնյա առաջնորդը: Հաղթանակ են տարել նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Նելլի Ագինյանը եւ Աննա Հայրապետյանը, ովքեր հաղթել էին իրենց ռուս հակառակորդներին` համապատասխանաբար Աննա Լոմակոյին եւ Եկատերինա Խոխլովային: Հայ շախմատիստուհիներից անհաջող խաղացել է միայն Հայաստանի չեմպիոն Լիլիթ Գալոյանը` զիջելով վրացի շախմատիստուհի Մերի Արաբիձեին: Սիրանուշ Անդրեասյանը խաղաղ բաժանվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալյոնա Կուշկովայից:



6-րդ փուլից հետո Ագինյանը հավաքել է 4 միավոր, Անդրեասյանը` 3 միավոր, Գալոյանը` 2 միավոր: Չնայած այս փուլում տարած հաղթանակին` Հայրապետյանը հավաքել է 2,5 միավոր:



7-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանը կհանդիպի Հունգարիայի ներկայացուցիչ Հոանգ Տան Տրանգի հետ, իսկ Ագինյանն ուժերը կչափի գերմանուհի Էլիզաբեթ Պաեցի հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---