12:19 AMT
08:19 GMT
ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից գործելու է տուգանքները նվազեցնելու համակարգը, հայտնում է ՆԳՆ–ն։ Նշվում է, որ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը կնվազի 30%-ով: Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի): Օրինակ, եթե կայացվել է 5000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, կկիրառվի բոնուսային նվազեցում 30%-ի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 3500 դրամ։ Կամ արձանագրված խախտման համար եթե կայացվել է 20,000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, ապա կկիրառվի բոնուսային նվազեցում 30%-ի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 14,000 դրամ։ 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30%-ի նվազեցում և պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։