Ողջ աշխարհի ակադեմիական շրջաններում ուղղակի անպարկեշտ է Հայոց ցեղասպանությունը ժխտելը

Թուրքական իշխանությունները պնդում են, որ նրանք կբացեն արխիվները, միայն եթե Հայաստանն էլ նույնն անի

Թուրքիան ցանկացած ճանապարհով ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տեղափոխել պատմական հարթակ: Թուրքական կողմի ակտիվությունը միշտ գագաթնակետին է հասնում ապրիլին, երբ Անկարան, մտահոգված լինելով տարբեր երկրների խորհրդարանների և կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության նոր ճանաչումներով, սկսում է գործել իր սովորական ռեժիմով. շանտաժ, սպառնալիքներ և «անմեղության» մասին հայտարարություններ:

PanARMENIAN.Net - Այդ ամենը, ի դժբախտություն Անկարայի, ոչ պակաս կարևոր դեր է խաղում համաշխարհային հանրության աչքում, և հասկանալով դա, Թուրքիան խոսում է այն մասին, որ Հայաստանը չի ցանկանում բացել Ցեղասպանության վերաբերյալ արխիվները: Սկսենք նրանից, որ Հայաստանում գրեթե չկան օսմանական արխիվներ, և չէին կարող լինել, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արևելյան Հայաստանը գտնվում էր Ռուսական կայսրության կազմում և հասկանալի է, որ օսմանական արխիվները ոչ մի կերպ չէին կարող հայտնվել Երևանի Ազգային արխիվում: Օսմանյան արխիվների մեծ մասը գտնվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, որոշ մասը՝ եվրոպական երկրներում: Այնտեղ են գտնվում Ստամբուլում ԱՄՆ վերջին դեսպան Հենրի Մորգենթաուի հեռագրերը: Գերմանիայում շատ փաստաթղթեր կան. այդ երկրների դեսպանները ջանասիրաբար զեկուցել են կայսրությունում դրության մասին: Սակայն, ինչ վերաբերվում է թուրքական արխիվներին, ապա դրանց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Ոչ մի կասկած չկա, որ որոշ փաստաթղթեր, որոնցում ուղղակիորեն մատնանշվում է հայ բնակչության ոչնչացման և արտաքսման մասին, արդեն չկան: Ընդ որում դրանք կարող են ոչնչացված լինել Աթաթուրքի օրոք, այսինքն Թուրքիայի Հանրապետության հռչակումից անմիջապես հետո: Բայց թուրքական իշխանությունները համառորեն պնդում են, որ նրանց կբացեն արխիվները, միայն եթե Հայաստանն էլ նույնն անի:

Բայց այս տարի ավելի շատ սկսեցին խոսել այն մասին, որ Ցեղասպանության մասին ապացույցներով պետք է զբաղվեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները: Միաժամանակ, ողջ աշխարհի ակադեմիական շրջաններում ուղղակի անպարկեշտ է համարվում Հայոց ցեղասպանությունը հերքելը: Հասկանալի է, որ թուրքական կողմին դա չի կարող շփոթեցնել: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Անկարան, հիանալի հասկանալով իր որոշ հայտարարությունների դեկլարատիվությունը, մասնավորապես արգենտինական դատարանի վերջին դատավճռի առիթով, այնումենայնիվ շարունակում է երկնային բոլոր պատիժներով սպառնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին: Ըստ էության, բոլոր այդ սպառնալիքները փուչ են:

Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների ոչ մի վատացում չի լինի, եթե Սենատում ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի սպառնալիքներն ուղղված են հայկական սփյուռքին, ինչն ավելի անհասկանալի է: Առավել ևս, եթե հիշել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու խոսքերը, որը վերջերս հայտարարել է, որ աշխարհասփյուռ հայությունը թուրքական սփյուռքն է: «նրանք մեր քաղաքացիների հետնորդներն են, մենք պետք է նրանց հետ շփվենք, աշխատենք, հեռու չվանենք մեզանից: Նրանք մեր քաղաքացիներին են»,- ասել է Դավութօղլուն: Որոշ առումով նա ճիշտ է. Դա Օսմանյան կայսրության օրինահնազանդ քաղաքացիների՝ հայերի սփյուռք է:

Հարցն այն է, թե պատրաստ է արդյոք պետությունն ի դեմս Էրդողանի և Դավութօղլուի ասել, որ այո, մենք ձեզ կոտորել ենք, որովհետև դուք մեզ դուր չէիք գալիս: Դուք քրիստոնյա էիք, դուք շատ փող ունեիք: Ամենայն հավանականությամբ, թուրքական կողմից Հայոց ցեղասպանության առիթով ոչ մի ներողություն չի հնչի: Իսկ եթե հնչի, ապա Հայաստանում արդեն սերունդ կապրի, որի համար 1915-ի դեպքերը կդառնան հեռավոր պատմություն: Սփյուռքի ձուլումը սրընթաց աճում է, և 20-30 տարի անց միայն հատուկենտ մարդիկ կհիշեն այն մասին, թե որտեղից են եղել նրանց նախնիները: Ցավոք սրտի, նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանում, եթե արդեն տեղի չի ունենում: Երիտասարդության մեծ մասն ապրիլի 24-ին գնում է Ծիծեռնակաբերդ, սակայն դա անում է սովորույթի համաձայն: Ապրիլի 24-ն ազգային սգո օրվանից աստիճանաբար վերածվում է ուղղակի ոչ աշխատանքային օրվա: Հավանական է, որ այդ օրվա արժեզրկման մեջ ինքներս ենք մեղավոր, ով գիտե: Բայց մի հանգամանք հույս է ներշնչում. առայժմ կա հայ երիտասարդություն, որը թուրքական դրոշն հրկիզելուց հետո ջահերով գնում է Ծիծեռնակաբերդ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---