// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ադրբեջանը չի կարողանա լուծել Ղարաբաղի խնդիրն ուժային ճանապարհով

Ալբերտ Ոսկանյան.

Ադրբեջանը չի կարողանա լուծել Ղարաբաղի խնդիրն ուժային ճանապարհով

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը լարված է մնում, անկախ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերից, որոնք ուղղված են ինչպես ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ ողջ Կովկասի տարածաշրջանում խախուտ խաղաղության ապահովմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առկախ է մնացել, իսկ Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը, ըստ Ադրբեջանի նախագահի արտահայտությունների, աճում է: Ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.net-ին է պատմել խաղաղապահ, ԼՂՀ “Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն” իրավապաշտպան ոչ կառավարական կազմակերպության առաջին տնօրեն և Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման, գերիների փոխանակման միջազգային աշխատանքային խմբի համակարգող Ալբերտ Ոսկանյանը:
Որքանո՞վ է իրական հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց Թուրքիայի կողմից իր անցյալի` այսինքն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու:
Չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է առանց Հայկական հարցի լուծման:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, Թուրքիան պետք է վերանայի իր դիրքորոշումը` հակահայկական արտաքին քաղաքականությունն ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան նաև պետք է կայուն քաղաքականություն վարի` ուղղված խաղաղության ու բարիդրացիական հարաբերություների հաստատմանը միջազգային իրավունքի հիման վրա, ոչ թե լինի Ադրբեջանի քաղաքականության պատանդը, որի նպատակն է “կոտրել” Հայաստանի կամքը, ինչն անհեռանկարային է:

Փաստաորեն, թուրքական կողմը, ամբողջապես շաղկապելով հայ-թուրքական կարգավորումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, այս փուլում արգելակում է կարգավորման գործընթացը: Թուրքիան, եթե ցանկանում է դառնալ ժողովրդավարական պետություն և անդամակցել Եվրամիությանը, պետք է համարձակ քայլի գնա` առերեսվի իր պատմության հետ և լուծի իր բազում խնդիրները: Իսկ, չէ որ դա ոչ միայն Հայոց ցեղասպանությունն է, այլ նաև հույների ու ասորիների ցեղասպանություններն, ինչպես նաև քրդական հարցը, Հյուսիսային Կիպրոսի և շատ այլ խնդիրներ:

Այնուամենայնիվ, ըստ իս, հայ-թուրքական հարաբերությունները կհաստատվեն, քանի որ ժամանակն է, որ կողմերից յուրաքանչյուրը վերանայի իր դիրքորոշումը, ընդառաջ գնա միմյանց ի շահ սեփական ժողովրդների: Հաշվի առնելով այն, որ “այս աշխարհի մեծերը” շահագրգիռ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում` ԱՄՆ նախագահ Օբաման շտապում է զեկուցել իր նոր դիվանագիտական հաղթանակի` հայերի ու թուրքերի դարավոր խնդիրների կարգավորման մասին, չէ որ, գաղտնիք չէ, որ դա ամերիկյան նախագիծ է, որի մտահղացումը դեռ մի քանի տարի առաջ արդեն կար:

Տեսնելով, որ “տեղապտույտ է” գնում և բանակցություններն մասնակիորեն փակուղի են մտել, ԱՄՆ վարչակազմն ամեն ինչ կանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար և կկարողանա ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ, որպեսզի “ամոթով չմնա”, ինչպես այժմ ընդունված է ասել, և նպաստի հայ-թուրքական սահմանի գոնե մասնակի բացմանը:

Վերջերս չափազանց շատ են խոսում պատերազմի մասին, նույնիսկ ժամկետներ են նշվում` մայիս, հունիս: Ի՞նչ եք կարծում, Իլհամ Ալիևը կհամարձակվի պատերազմ սկսել:
Չեմ կարծում, թե Իլհամ Ալիևը ռիսկի կգնա և լայնածավալ ռազմական գործողություններ կսկսի ղարաբաղյան ճակատում, քանի որ նա հիանալի հասկանում է, որ չի կարելի հույսը դնել բլիցկրիգի վրա, իսկ ռիսկի նա չի դիմի, քանի որ անբարեհաջող ելքի դեպքում Ալիևների կլանը կարող է զրկվել իշխանությունից: Եվ հետո, պատերազմ սանձազերծելով Ղարաբաղում, Ալիևը խաչ կքաշի ԵԱՀԿ Մինսկի խմբի հակամարտությունը խաղաղ լուծելու բազմամյա ջանքերի վրա, ինչը կործանարար կլինի ԵԱՀԿ-ի համար` զրկելով նրան հեղինակությունից: Չեմ կարծում, որ Ալիևը դեմ կգնա Մինսկի խմբին, այն է` համաշխարհային հանրությանը:

Հրադադարի ընթացքում Ադրբեջանը բավական ժամանակ ուներ իր զինված ուժերը հարձակողական գործողություններին նախապատրաստելու համար, իսկ Լեռնային Ղարաբաղը բավական ժամանակ ուներ լուրջ պաշտպանության նախապատրաստվելու համար: Պաշտպանական գիծն անցնում է ԼՂՀ գրեթե ողջ սահմանով: Այն կառուցված է ռազմական ինժեներական մտքի բոլոր կանոններով, և կոտրել այդ պաշտպանությունը չափազանց դժվար կլինի: Պետք է հաշվի առնել նաև ղարաբաղցիների “պաշարվածության” գործոնը` նրանք նահանջելու տեղ չունեն և կատաղի պաշտպանելու են սեփական հողի յուրաքանչյուր մետրը:

Վրաց-օսական պատերազմը ցույց տվեց, թե ինչ սցենար կարող է ունենալ ժամանակակից պատերազմը մեր տարածաշրջանում: Առավելագույնը այն կտևի 4-6 օր: Նույնիսկ բարենպաստ պայմաններում Ադրբեջանը չի կարողանա այդ ընթացքում լուծեղ Ղարաբաղի խնդիրն ուժային ճանապարհով, քանի որ ինչ ջանքեր էլ գործադրի, կբախվի ԼՂՀ Պաշտպանության բանակի կատաղի դիմադրությանը և մեծ կորուստներ կկրի 1-3 օրերին` ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկայով:

Եթե Ադրբեջանն այնուամենայնիվ պատերազմ սկսի, խաչ քաշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր ջանքերի վրա, ապա պետք է հասկանա, որ գրեթե անմիջապես Լեռնային Ղարաբաղը կճանաչվի որպես անկախ պետություն բազմաթիվ երկրների կողմից: Սակայն, հնարավոր է նաև, որ Ադրբեջանը ինչ-որ լոկալ գործողություններ ձեռնարկի, որոնք հարկավոր են նախագահ Իլհամ Ալիևին նախընտրական արշավի համար:

Ինչպե՞ս կարելի է բացատրել Բաքվի հակաամերիկյան հիստերիան:
Վերջերս, մենք տեսնում ենք, թե ինչպես են Ադրբեջանում ուժգնանում հակաամերիկյան տրամադրությունները, պաշտոնյաները բավական համարձակ են արտահայտվում ԱՄՆ վարչակազմի հասցեին` դժգոհ լինելով Ադրբեջանի հանդեպ նրա վարած քաղաքականությունից: Կարծում եմ, որ դրա մեկնարկը տվել է ինքը նախագահ Իլահմ Ալիևը նախարարների կաբինետի առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված նիստում:

Այս փուլում Ադրբեջանը դժգոհ է նաև ԱՄՆ գործունեությունից ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում` համարելով, որ “հայկական լոբբիի ազդեցության տակ նա կորցնում է իր չեզոքությունն ու բացահայտ սատարում է Հայաստանին”: Դուր չի գալիս Ադրբեջանին նաև ԱՄՆ-ի կողմից ամեն տարի Լեռնային Ղարաբաղին հատկացվող մարդասիրական օգնությունը:

Այն բանից հետո, երբ Թուրքիան կտրականապես հրաժարվեց բացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի խնդիրը, միջուկային անվտանգության համաշխարհային գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանը սկսեց բացահայտ իր դժգոհությունը հայտնել ԱՄՆ-ին` փաստորեն ստանալով Թուրքիայի աջակցությունն այդ հարցում:

Ադրբեջանը վերանայում է իր դիքրորոշումը, փոխում է արտաքին քաղաքականության ուղղվածությունը Մոսկավյի կողմը` պայմանագրի կնքումը “Գազպրոմի” հետ գազի մատակարարման շուրջ, թեև նման պայմանագրի մասին խոսք չէր գնում կողմերից և ոչ մեկում, վկայում է այն մասին, որ կարող է վերանայվել ԱՄՆ-ի մասնակցությունը էներգետիկ նախագծերին:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կտրուկ սրացման չի գնա ԱՄՆ-ի հետ` հասկանալով թե ինչ հետևանքներ դա կարող է ուեննալ: Վստահ եմ նաև, որ Ադրբեջանում հակաամերիկյան հիստերիայի պատճառներից մեկը նաև այն է, որ Ալիևը չէր հրավիրվել միջուկային անվտանգության գագաթնաժողովինի: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը. “Ադրբեջանի իշխանությունները վշտացած են, քանի որ չէին հրավիրվել օրերս Վաշինգտոնում կայացած միջուկային գագաթնաժողովին: Իսկ Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Ղազախստանի նախագահները հրավիրվածների թվում էին…:”

Կարինե Տեր-Սահակյանը / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
96 տարեկանում մահացել է ֆրանսահայ դերասան Շառլ Ժերարը

96 տարեկանում մահացել է ֆրանսահայ դերասան Շառլ Ժերարը Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով