// IP Marketing video - START// IP Marketing video - END

Բուդյոնովսկում արդեն երրորդ անգամ պղծվել է ռուս-հայկական բարեկամության հուշարձանը

PanARMENIAN.Net - Ստավրոպալի մարզի Բուդյոնովսկ քաղաքում 2005 թվականից սկսած արդեն երրորդ անգամ պղծվել է «Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայրերին» հուշարձանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Այս անգամ բարբարոսները քանդել են (գցել եւ ճեղքել են) Խաչքարը: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել մթնելուց անմիջապես հետո (մոտավորապես 17.00-18.00): Քաղաքի հայկական համայնքը եւ հայկական եկեղեցին վրդովված են այդ բարբարոսությամբ: Քաղաքային համայնքի ղեկավար Պետրոս Մկրտչյանի խոսքերով, նոյեմբերի 11-ին համապատասխան հայտարարություն է փոխանցվել քաղաքապետին, քաղաքային Դումայի նախագահին եւ Բուդյոնովսկի ՆԳԲ պետին: Պետրոս Մկրտչյանի կարծիքով, պատահածը ծրագրաված գործողություն է, հատկապես, Միլիցիայի օրվա նախօրեին: Նա ասել է, որ սա բարբարոսների առաջին գործողությունը չէ ռուս-հայկական բարեկամության հուշարձանի հանդեպ, եւ իրավապահ մարմինները արձագանքել են բարբարոսների այդ արարքներին որպես մանկական չարության կամ խուլիգանության:



«Ռուսաստանի Բուդյոնովսկ քաղաքի «Սուրբ Խաչ» հայկական համայնքը մտադիր չէ վերկանգնել Խաչքարը: Եթե կան ուժեր, որոնց համար ձեռնատու է ունենալ ոչ թե ռուս-հայկական բարեկամության հուշարձան, այլ դրա ավերակները, թող մնան ավերակները»,-հայտարարել է Պետրոս Մկրտչյանը: Նույն կարծիքի է նաեւ քաղաքի հայկական եկեղեցու վարդապետ տեր Արսեն Բուդաղյանը.«Եթե իշխանությունները պատվի հարց համարեն հակազդեցությունը վայրի բարբարոսությանը, ապա նրանք հնարավորություն կգտնեն եւ Խաչքարը վերականգնելու, եւ բարբարոսներին որոնելու եւ պատժելու համար»:





Հիշեցնենք, որ «Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայրերին» համալիրի բացումը տեղի է ունեցել 2004 թվականի հոկտեմբերի 17-ին: Համալիրը կազմված է 8 մետր բարձրություն ունեցող կամարից, խաչքարից եւ քարերի կոմպոզիցիայից: Կամարի տակ տեղադրված է զանգ, որը երկար տարիներ հայկական եկեղեցի աղոթքի էր կանչում ծխականներին, իսկ կամարի վրա երկու կողմից ռուսերեն եւ հայերեն փորագրված է.«1799-2004թ. Սուրբ Խաչ»: Առաջին անգամ վայրագություն կատարվեց 2005 թվականի փետրվարին: Այն ժամանակ տուժեցին հուշարձանի եւ ռուսական, եւ հայկական կողմերը` ռուսական կողմից պոկվել էին «1799-2004» թվերը, իսկ հայկական կողմից այդ թվերը եւ գրեթե «Սուրբ Խաչ» ողջ գրությունը: Հին եկեղեցական զանգը չէր տուժել, քանի որ այն որոշվել էր չթողնել հուշարձանի վրա, այլ փոխանցել եկեղեցու պահպանությանը: Հաջորդ անգամ, հուշարձանը վնասվել էր 2005 թվականի հուլիսին, երբ կոտրվել էին լուսարձակները, բետոնի բեկորները վնասել էին Խաչքարը, կամարի տակ կատվի դիակ էր հայտնաբերվել, իսկ կամարի վրա սպորտային կոշիկների ոտնահետքեր էին թողնվել:



Ինչպես կարծում են փորձագետները, կատարվածը կարող է լինել ինչպես հակակովկասյան տրամադրությունների հետեւանք, այնպես էլ սատանիստների ոտնձգություն: Կարծիք կա նաեւ, որին վերջերս բոլորն են առավել հակված, որ բարբարոսները նպատակ են հետապնդում սրելու ազգամիջյան հարաբերությունները քաղաքում, քանի որ «Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայրերին» համալիրը քաղաքում ընկալվում է որպես ռուս-հայկական բարեկամության հուշարձան:
 Ուշագրավ
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության
Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին