Էրդողան. Ինձ համար անհասկանալի է ԱՄՆ-ի համար Կոբանիի կարևորության պատճառը

Էրդողան. Ինձ համար անհասկանալի է ԱՄՆ-ի համար Կոբանիի կարևորության պատճառը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է թուրք-սիրիական սահմանին գտնվող սիրիական Կոբանի քաղաք «փեշմերգաներ» (Իրաքյան Քրդստանի քրդական զինյալ զորամիավորումների ամբողջական անվանումը) ուղարկելու մասին և հայտարարել, թե այդ առաջարկությունն ինքն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 20-ին զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Հեռախոսազրույցի արդյունքում Անկարան ռազմական օգնության միջանցք է բացելու, որի միջոցով քրդական ուժերը հնարավորություն կունանեն անցնել Սիրիա և իրենց ազգակիցների հետ պայքարիել Կոբանին պաշարած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլին հայտարարել է, որ իրենք կօգնեն քրդերին անցնել Կոբանի. «Մենք երբեք չենք ուզել ու չենք ուզի, որ Կոբանին ընկնի: Դա կանխելու համար Թուրքիան գործադրել է ամեն տեսակի ջանք»:

Էրդողանը նշել է, թե իր համար անհասկանալի է ԱՄՆ-ի համար Կոբանիի կարևորության պատճառը:

«Օրեր են անցել, բայց Կոբանին չի ընկնում: Կոբանին նրանց (ԱՄՆ-ի) համար ինչո՞ւ է այդքան կարևոր ու ռազմավարական, դա դժվարանում եմ հասկանալ: Կոբանիում քաղաքացիական անձինք չեն մնացել: 200.000 մարդու մեր երկրում ենք հյուրընկալել: Այնտեղ մոտ 2.000 կռվող է մնացել, որոնք նախ «փեշմերգաների» մուտքը չուզեցին, ապա ընդունեցին մասնակի»,-ասել է Էրդողանը, CNN Turk-ին հղումով գրում է Tert.am-ը:

Նա նշել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևը համարվող PYD-ին զինամթերքով օգնելու ԱՄՆ-ի որոշումը սխալ էր:

«C-130-ներից նետված այդ զենքերի մի մասը գուցե PYD-ին հասավ, սակայն մյուս մասն ո՞ւմ ձեռքում հայտնվեց՝ «Իսլամական պետության»: Նրանք մի քանի օր է իրենց կայքերում հրապարակումներ են անում, բոլոր այդ արկղերը բացելով ցուցադրում են: Այժմ այստեղ ով ում է օգնում, դա բացահայտորեն երևում է: Ամբողջը նրանց է անցել: Ճի՞շտ է ասելը, որ մի մասը հայտնվել է նրանց ձեռքում»,-ասել է Էրդողանը:

Էրդողանի հայտարարությունը հնչել է այն հայտարարությունների ֆոնին, որ Թուրքիան բավարար չափով չի աջակցում ԻՊ դեմ պայքարին: Ընդ որում, «փեշմերգաների» ջոկատները զբաղված են «Իսլամական պետության» գրոհայինների հարձակումներին դիմակայելով Իրաքի ռազմաճակատում:

Անկարան չի տրամադրում իր ավիաբազաները ԻՊ դիրքերին ավիահարվածների համար, փակել է սահմանը պաշարված Կոբանիի հետ և արգելում է քուրդ կամավորների մուտքը Սիրիա՝ պահանջելով թռիչքներից զերծ գոտի հայտարարել Սիրիայի մի մասում, բուֆերային գոտի ստեղծել սիրիական տարածքի հաշվին և մարզել չափավոր սիրիական ընդդիմությանը, որը կարող կռվել նաև Ասադի դեմ:

ԻՊ գրոհայիններին հաջողվել է գրավել զինամթերքի բեռը, որն ԱՄՆ-ն նախատեսել էր քրդեի համար: Նշվում է, որ խմբաքանակում առկա էին նռնակներ, զինամթերք, նռնականետեր: Ըստ Սիրիական մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի, գրոհայիններին հաջողվեՙլ է առգրավել առնվազն մեկ խմբաքանակ: Բեռը նետվել է ցած ինքնաթիռից Կոբանի շրջանում:

Միևնույն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Կոբանին համեմատել է գերտերությունների ձեռքում հայտնված շախմատի տախտակի հետ:

«Սա շախմատի միջազգային խաղ է: Մենք դրա անկումը չենք ցանկանում, բայց չենք էլ ուզում զինվոր ուղարկել այնտեղ կռվելու համար»,- ասել է Դավութօղլուն, գրում է Milliyet-ը:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---