ԶԼՄ-ներ. Բրիտանական ոստիկանությունը կանխել է թագուհու դեմ իսլամիստների մահափորձը

ԶԼՄ-ներ. Բրիտանական ոստիկանությունը կանխել է թագուհու դեմ իսլամիստների մահափորձը

PanARMENIAN.Net - Լոնդոնում չորս մարդ է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով:

Ըստ The Telegraph-ի, ձերբակալվածները 19-27 տարեկան երիտասարդներ են: Հայտնի է, որ նրանցից մեկը 19 տարեկան է, նա վերջերս է վերադարձել Պակիստանից: Ահաբեկչությունը, հավանաբար, նախատեսվում էր իրականացնել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհված բրիտանացիների հիշատակին նվիրված սգո միջոցառման ժամանակ:

The Sun-ը գրում է, որ ձերբակալվածները մահափորձ էին նախապատրաստում Եղիսաբեթ Երկրորդի դեմ: Ըստ Սքոթլենդ Յարդի կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության, այդ տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել, գրում է «Կոմերսանտը»: Նշվում է, որ հետաքննության շրջանակում շարունակվում են խուզարկություններն ու հարցաքննությունները: Ինչպես ասվել է նախօրեին, 19-27 տարեկան չորս տղամարդ նոյեմբերի լույս 8-ի գիշերը բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք Լոնդոնի կենտրոնում: Ձերբակալություններն իրականացվել են «իսլամական ծայրահեղականության հետ կապված ահաբեկչական գործողությունների շարունակվող հետաքննության» շրջանակում:

Չի ասվում, թե արդյոք նրանք կապեր ունեին «Իսլամական պետության» հետ: Սակայն, վաղուց է հայտնի, որ արևմտյան երկրներում ԻՊ-ն բավականին մեծ թվով համակիրներ ունի. Իրաքում և Սիրիայում հարյուրավոր կամավորներ են կռվում Եվրոպայից: Ըստ հարցումների, իսլամիստներին համակրում է յուրաքանչյուր յոթերորդ երիտասարդ բրիտանացին:

Մինչդեռ Իրաքի ՆԳՆ փոխղեկավար Ադնան ալ Ասադին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» հասել է Փարիզ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում գործում է 200 անդամ ունեցող խումբը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Մոնակոյում Ինտերպոլի Գլխավոր վեհաժողովի նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ Ալ Ասադիի, իրաքյան և ֆրանսիական հետախուզական ուժերը բացահայտել են խմբի անդամներին, այժմ նրանց հետևում են:

Ահաբեկիչները նույնիսկ Ավստրալիա են հասել. նոյեմբերի 3-ին Սիդնեյում ԻՊ կողմնակիցները մահափորձ կատարեցին շիաների համայնքի հոգևոր առաջնորդ Ռասուլ Ալ Մուսավիի դեմ, ինչպես նաև գրոհեցին շիաների կրոնական կենտրոնը: Միջադեպերը տեղի ունեցան աշուրայի ժամանակ, որը շիաների ամենակարևոր տոներից մեկն է:

ԻՊ հետքեր են հայտնաբերվել նաև Ռուսաստանում՝ Մերձմոսկվայում հատուկ գործողության արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվեցին ավազակախմբի անդամները, որոնք մի քանի ամիս շարունակ սպանում էին վարորդներին «Դոն» ավտոմայրուղու վա: Ընդ որում, նրանք չէին կողոպտում զոհերին: Ըստ քննիչների վարկածի, վարորդների սպանությունները մերձմոսկովյան ավտոճանապարհներին կարող են մարտական մկրտության յուրահատուկ դրսևորում լինել ապագա մարտիկների համար: Ըստ Lifenews-ի, ավազակախումբը մարդկանց էր հավաքագրում ու մարզում ԻՊ շարքերում կռվելու համար: Ձերբակալվածների թվում, որոնք հիմնականում եկվորներ են Միջին Ասիայից, կան մարդիկ, որոնք սպասում էին, որ իրենց տեղափոխելու են Սիրիա և Իրաք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---