Ազնավուրը կոչ է անում օգնել ներգաղթյալներին՝ նրանց տեղավորելով Ֆրանսիայի ծայրամասերում

Ազնավուրը կոչ է անում օգնել ներգաղթյալներին՝  նրանց տեղավորելով Ֆրանսիայի ծայրամասերում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպա ժամանող ներգաղթյալներին։

«Ես տառապում եմ, երբ տեսնում եմ երեխաների հետ թափառող մարդկանց ամբոխները: Բարեբախտաբար, անձամբ նման ճակատագիր չեմ ունեցել, սակայն վստահ եմ, որ դրա միջով անցել են իմ գաղթական ծնողները»,- ասել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայրենիքը լքած հայերի ժառանգը Agence France-Presse-ին տված հարցազրույցում:

Ազնավուրը հիշեցրել է նախկինում իր կողմից հնչեցրած գաղափարը՝ ներգաղթյալներին տեղավորել Ֆրանսիայի հեռավոր գյուղերում և քաղաքներում, որոնք տեղաբնակները գրեթե ամբողջությամբ լքել են, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այդ բնակավայրեր նոր ուժ կթափանցի՝ ամենատարբեր մասնագիտության տեր մարդկանց շնորհիվ: Այդ ներգաղթյալների շրջանում կան բժիշկներ, ավտոտեխնիկներ, հացթուխներ։ Այդ ամենը թույլ կտա այդ վայրերում կրկին բացել դպրոցներ, փոստային բաժանմունքներ», - ասել է նա:

Ազնավուրի խոսքով, եթե նման նախագիծն իրականացվի, Ֆրանսիային կմատնանշեն որպես «օրինակելի երկրի»։

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: Սեպտեմբերի 14-ին ԲրյուսելումԵվրամիությունը փախստականների խնդրին նվիրված արտահերթ գագաթնաժողով է հրավիրում: Բեռլինի, Փարիզի և Լոնդոնի նախաձեռնությամբ միգրացիոն ճգնաժամի հարցերի վերաբերյալ արտակարգ խորհրդակցությանը կմասնակցեն ԵՄ անդամ երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարները:

ՄԱԿ-ի տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Նա ծնվել է 1924-ին Սեն Ժերմեն դես Պրեսում (Փարիզ), հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ազնավուրի մոր ընտանիքից կոտորածների զոհ են գնացել տատը, պապը, մորաքույրը և երկու մորեղբայրները, իսկ մայրն իր տատիկի հետ գաղթել է Ֆրանսիա։ Ազնավուրի հայրը, որը Ռուսաստանի քաղաքացի էր, Ցեղասպանության հետևանքով հարազատներ չի կորցրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---