Այս տարի կմեկնարկի Իրան-Հայաստան գազամուղի երկրորդ խողովակաշարի շինարարությունը

PanARMENIAN.Net - «Մենք միասին կատարում ենք գազամուղի բացումը, ինչի մասին պայմանավորվել էինք Թեհրան իմ առաջին պաշտոնական այցի ժամանակ: Եվ չնայած նման արարողությունների համար ոչ բարենպաստ եղանակին` այստեղ է Իրանի նախագահը, եւ դա մեր բարեկամության վկայություններից մեկն է», - բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահները պաշտոնապես բացեցին Իրան - Հայաստան գազատարը` դրանից վառելով խորհրդանշական ջահը: Հայաստանի Էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանի խոսքերով, այս պահի դրությամբ Հայաստանը տարեկան Իրանից կարող է ստանալ մինչեւ 400 միլիոն խորանարդ մետր գազ, բայց, քանի որ ցանկություն կա ավելի շատ գազ ստանալ իրանական կողմից, հետեւաբար` ընդլայնման աշխատանքներ պետք է իրականացվեն:



Փոխնախարարի խոսքերով, «ՀայՌուսգազարդ»-ը արդեն այս տարվանից կսկսի երկրորդ խողովակաշարի կառուցումը, եւ այդ դեպքում արդեն Հայաստանը կարող է իրանական կողմից 2,3 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ:



Գազատարի բացումից զատ, Մեղրիում երկու նախագահների ներկայությամբ Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարները ստորագրելու են միջկառավարական համաձայնագիր Արաքս գետի վրա երկու ՀԷԿ-երի կառուցման մասին, որոնցից մեկը` հայկական, մյուսը` իրանական կողմում: 140 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայանի շնորհիվ Հայաստանը կարող է ստանալ տարեկան 800-ից մինչեւ 850 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---