Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացը գտնվում է վճռական փուլում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը գտնվում է շատ պատասխանատու եւ վճռական փուլում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա կարծիքով, վերջերս Մադրիդում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ամենաէական տարրը Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալի մասնակցությունն էր, որն ինքնին խոսում է բանակցությունների վերջին փուլի կարեւորության մասին: «Անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել, որ այդ հանդիպումից քիչ ավելի վաղ Փարիզում եղան սկզբից Հայաստանի, այնուհետեւ նաեւ Ադրբեջանի նախագահը, եւ, ըստ տարածված լրատվության, Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումներում քննարկվել էր ղարաբաղյան կարգավորման հարցը: Ես հակված եմ մտածել, որ հարցը ոչ թե ուղղակի քննարկվել է, այլ հանդիպումների հիմնական հարցերն են եղել ներկայիս փուլն ու կարգավորման հեռանկարները: Ինչու, որովհետեւ բանակցություններին այժմյան մեթոդաբանությունը փոխարինեց փարիզյան սկզբունքներին, որոնց շուրջ կարծես թե համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Սակայն Հեյդար Ալիեւի մահը եւ Իլհամ Ալիեւի նախագահ ընտրվելը որոշ շտուկներ մտցրեցին այդ գործընթացում: Չեմ կարծում, թե այժմ միջնորդների առաջարկները էապես տարբերվում են նրանցից, որ մշակվել էին Ֆրանսիայի անմիջական մասնակցությամբ (ասելով Ֆրանսիա, հասկանում ենք ԵՄ): Եվ եթե հաշվի առնենք Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի ակտիվացումը եւ նրա վերջին շեշտադրումները, հավելենք սրան Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում տեղ գտած կոչերը եվրոպական հանրությանը, ապա, դիտարկելով այս բոլոր օղակները մեկ շղթայում, մենք կարող ենք եզրակացնել, որ ղարաբաղյան կարգավորումը ոտնակոխել է չափազանց պատասխանատու եւ վճռորոշ փուլ»,-նշել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:



Նա նաեւ համարում է, որ կախված նրանից, թե ինչպիսին կլինի կողմերի քաղաքական խիզախությունը, փոխզիջումների գնալու նրանց պատրաստակամությունը, այդ վճռորոշ փուլը կարող է վերածվել համաձայնության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: «Հնարավոր է, նույնիսկ համաձայնություն ձեռք բերվի, սակայն դա կհանգեցնի լարվածության աճի հակամարտության գոտում»,-ընդգծել է Աթանեսյանը, հաղորդում է Karabakh Open-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---