Ադրբեջանն արդիական սպառազինության հերթական խմբաքանակն է ստացել ՌԴ-ից

Ադրբեջանն արդիական սպառազինության հերթական խմբաքանակն է ստացել ՌԴ-ից

PanARMENIAN.Net - Ադրբեջանն արդիական սպառազինության և զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել Ռուսաստանից:

Ինչպես հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը, նորագույն ռազմական միջոցներն առաքվել են Ադրբեջան ըստ երկու երկրների միջև կնքված ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Բաքվի նավահանգստում ստացել են մեծաքանակ արկեր, հրթիռներ և այլ ռազմական սարքավորումներ, որոնք նախատեսված են համապատասխան հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար:

Ինչպես հայտնում է Razm.info-ն, հրապարակված տեսանյութում երևում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի МО.1.01.04М արդիականացված հրթիռներ: Հրապարակված լուսանկարներում և տեսանյութում երևում է առնվազն 400 միավոր նման հրթիռ:

Հունիսի 24-ին Բաքուն ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ ստացավ Ռուսաստանից: Մատակարարումը պլանային էր և իրականացվել է ըստ Ադրբեջանի և ՌԴ միջև ռազմատեխնիկական գործակցության մասին գործող միջկառավարական համաձայնագրի:

2016-ին՝ ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը վրդովմունքի ալիք առաջացրեց ինչպես ՀՀ բնակչության, այնպես էլ իշխանությունների շրջանում:

Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---