Իսրայելը զգալիորեն հետաքրքրված է կովկասյան էներգետիկ միջանցքով

PanARMENIAN.Net - Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա «կովկասյան էներգետիկ միջանցք» քաղաքա-տնտեսական նախագծում զգալի չափով հետաքրքրված էր հենց Իսրայելը, քանի որ, շրջապատված լինելով թշնամաբար տրամադրված արաբական երկրներով` նավթի արտահանողներով, նա զգալի բարդություններ ուներ նավթամթերքի ներկրման հարցում: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկված «Իսրայելի քաղաքականությունը Կովկասում. խնդիրներ եւ տարածաշրջանային դաշնակիցներ» հոդվածում, որի հեղինակը «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրամյանն է: Նրա կարծիքով, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործումից հետո, որտեղից պաշտոնական Թել-Ավիվը ստանում է ներկրվող նավթամթերքների առյուծի բաժինը, հրեական պետությունը, գիտակցելով, որ իր համար կաեւորագույն հումքային հոսքը շրջանցում է արաբական երկրները եւ գտնվում է Թուրքիայի լիարժեք հսկողության ներքո, սկսեց լրջորեն զբաղվել կովկասյան հարցերով` ելնելով ազգային անվտանգության շահերից: «Հրեական պետության պաշտոնական ներկայացուցիչների համար կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի ակտիվությունը եւ Հայաստանի քաղաքական ինքնուրույնությունն անթույլատրելի են: Ելնելով այդ սկզբունքներից` Իսրայելն արդեն մոտ յոթ տարի փորձում է ի դեմս Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմա-քաղաքական գործընկեր գտնել, որի շահերը գլոբալ առումով եւ, հատկապես, Կովկասի եւ Միջին Ասիայի հետագա բարեկարգման հարցում բոլորովին չեն հակադրվում հիմնական դաշնակիցների` ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերին: Բացի իր էներգետիկ անվտանգության հարցի լուծումից, Կովկասում իր քաղաքական ազդեցության ուժեղացումը եւ ի դեմս Վրաստանի ու Ադրբեջանի տարածաշրջանային դաշնակցի ձեռքբերումը բխում է Իրանի առնչությամբ Իսրայելի ամենագլխավոր խնդիրներից: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց Իրանն է այսօր իրական սպառնալիք ներկայացնում հրեական անվտանգության համար, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի Թել-Ավիվը այդպես շահագրգռված լինի Ադրբեջանի եւ, հատկապես, Վրաստանի հետ ռազմա-քաղաքական դաշինք ունենալու, քանի որ Վրաստանը միանգամայն կարող է իսրայելական ՌՕՈՒ-ին օդակայաններ տրամադրել հակամարտության դեպքում Իրանի ռազմական եւ միջուկային օբյեկտները ոչնչացնելու համար»,- գտնում է հայ փորձագետը:



Աբրամյանը նաեւ գտնում է, որ Ադրբեջանը Իսրայելի կովկասյան քաղաքականության մեջ ոչ պակաս դեր է խաղում նաեւ Հյուսիսային Կովկասի շուրջ հարցերում: «Հայտնի է, որ 1994-95թթ. սկսած իսրայելական հատուկ ծառայությունները ակտիվորեն համագործակցում են Չեչնիայի, Ինգուշետիայի եւ Դաղստանի թուրքական համարժեք մարմինների հետ: Այդպիսով, հայտնաբերելով սեպարատիստական տրամադրություններ ունեցող լեզգիական եւ ավարական ազգային ակտիվիստներին, իսրայելական հատուկ ծառայությունները ադրբեջանցի գործընկերներին տրամադրել են 1996-ից 2003թ. որոշ լեզգի-ակտիվիստներին հայտնաբերելու եւ լիկվիդացնելու ծառայություն: Հայտնի է նաեւ, որ ադրբեջանական ԱԱՆ մի շարք աշխատակիցներ հատուկ ուսում են ստանում Իսրայելում: Այդպիսով, կարելի է փաստել, որ, չնայած կովկասյան տարածաշրջանում Իսրայելի վիզուալ պասիվությանը, պաշտոնական Թել-Ավիվը հստակ որոշել է իր քաղաքականությունը, որի համաձայն թյուրքամետ ուղղվածությունը համարվում է առաջնայիններից մեկը: Գլոբալ քաղաքականության տեսակետից Իսրայելի նման ուղղվածությունը ավելի քան արդյունավետ եւ շահավետ է պետության համար, քանի որ այսպես կոչված թյուրքական բլոկի ուժեղացմամբ ավտոմատ կերպով ուրվագծվում է աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական դիմադրությունը արաբական աշխարհին, որի մասնավոր օրինակ կարելի է համարել Իրաքի հյուսիսային հատվածի ճգնաժամային իրադրությունը»,- ընդգծում է Էդուարդ Աբրամյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---