Կոմիտասի երգերը ներկայացվել են Grammy-ի

PanARMENIAN.Net - Grammy-ի նոմինանտների ցուցակում «Լավագույն վոկալ կատարում» անվանակարգում ընդգրկված է կանադացի երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը` Կոմիտասի երգերով, որոնք կատարում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, հաղորդում է Grammy.com-ը:



Ամերիկացի երաժշտագետ Սողոմոն Վոլկովի խոսքով, Կոմիտասը ստեղծել է հայկական նոր երաժշտությունը, որպիսին նա այսօր է, Կոմիտասն այդ երաժշտության ամենամեծ կլասիկն է, նա հայկական Գլինկան է: «Նրա «Անտունի» երգը կատարում է Կանադայում բնակվող հայ երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը: Նա հրաշալի երգչուհի է, հաճախակի ելույթ է ունենում Մետրոպոլիտենում եւ թողարկել է Կոմիտասի երգերի ձայնասկավառակ, որում նրան ուղեկցում է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների համույթը: Այդ երգը թարգմանաբար կոչվում է «Անտունի», նա երգում է այն մասին, որ իր սիրտը նման է այդ ավերված տներին, այսինքն` այդ թեման արձագանքում է գալիք հայկական աղետին: Այդ ստեղծագործությունը հետաքրքրական է նրանով, որ այն Փարիզում լսել է ինքը` Կլոդ ԴԵբյուսին եւ ասել, որ եթե Կոմիտասը գրեր միայն այդ երգը, նա արդեն արժանի կլիներ մեծ երգահանի կոչմանը»,- ասել է Վոլկովը «Սվոբոդա» ռադիոկայանին տված հարցազրույցում:



Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869թ. սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Քեթայա քաղաքում, իսկ Կոմիտաս անունը ստացել է հոգեւորականի կոչումը ստանալուց: Անունը նա ինքն է ընտրել` Կոմիտաս Կաթողիկոսի` VII դարի նշանավոր բանաստեղծի, շարականների հեղինակի անունը:



Կոմիտասը սովորել է Բեռլինում, ստեղծելով իր հատուկ երգչախումբը, համերգներով շրջագայել Եվրոպայում: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Կոմիտասը կենդանի մնաց, բայց խելագարվեց: Այդ ժամանակ նա 46 տարեկան էր: Կոմիտասը մահացավ 1935թ. Փարիզի հոգեբուժարանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---