Հռոմում կկայանա Հրանտ Դինքի անվան լրագրողական մրցանակների հանձնման երկրորդ մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Հռոմի հայկական համայնքի նախաձեռնությամբ հունվարի 23-ին Իտալիայի մայրաքաղաքում կկայանա հայ-թուրքական «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի անվան լրագրողական մրցանակների հանձնման երկրորդ մրցանակաբաշխությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հռոմի հայկական համայնքում: Այդ միջոցառումը, որի նախաձեռնողը Հռոմի Հայկական համայնքի խորհուրդն է, նպատակ է հետապնդում ցույց տալ, թե որքան արժեքավոր է այն լրագրողների աշխատանքը, ովքեր չեն վախենում խոսել նման զգայուն հարցերի մասին, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: «Հրանտ Դինքի անվան մրցանակը հանձնվում է ինչպես տեղեկատվության ազատության, այնպես էլ արիության եւ ազնվության ցուցաբերման համար: Հենց արիություն էր ցուցաբերվել Հրանտ Դինքի, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ թուրք մտավորականության այլ ներկայացուցիչների կողմից, որոնք չէին լռում Հայոց ցեղասպանության խնդրի մասին»,- ասվում է PanARMENIAN.Net ուղարկված հաղորդագրությունում:



Այս տարի մրցանակները շնորհվելու են իտալական RAI ռադիոընկերության լրագրող Պատրիսիա Ալբերիչիին եւ «Libero» թերթի լրագրող Կատերինա Մանիաչեին: Մրցանակաբաշխության շրջանակներում կկայանա նաեւ «Tempi» ամսագրի հատուկ թղթակից Ռոդոլֆո Կասադեայի «Ոչխարների արյունը. Նյութ Մերձավոր Արեւելքում հետապնդվող քրիստոնյաների մասին» գրքի շնորհանդեսը:



Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում` «Ագոս» թերթի գրասենյակի դիմաց: Դինքի սպանության գործով հետաքննվում են 20 կասկածյալներ, որոնցից ութը ներկա պահին բանտարկված են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---