Կարսի պայմանագրի հետեւանքների ճանաչումը Հայաստանի Սահմանադրության խախտում կլինի

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցները հետեւողականորեն լուրեր են տարածում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Կարսի պայմանագրի ճանաչման կամ նախկին խորհրդա-թուրքական սահմանի հայաստանյան հատվածը որպես հայ-թուրքական սահման ճանաչելու վերաբերյալ: Ներկայումս Ախուրյան եւ Արաքս գետերով անցնող բաժանարար գիծը չունի հայ-թուրքական պետական սահմանի կարգավիճակ, քանի որ չկա դրա վերաբերյալ որեւէ օրինականորեն ուժի մեջ մտած եւ գործող միջազգային պայմանագիր: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է «Մոդուս Վիվենդի» հասարակագիտական կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը:



«Ենթադրենք, ՀՀ իշխանությունները այս կամ այն ձեւակերպմամբ ներկայումս de facto բաժանարար գծին տալիս են de jure միջպետական սահմանի կարգավիճակ:Ինչքանո՞վ այն կլինի օրինական` միջազգային իրավունքի եւ սահմանադրական իրավունքի տեսանկյուններից»,- նշում է հայ պատմաբանը: Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանը, բնականաբար նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ գոյություն ունեցող միակ de jure սահմանը` այսինքն վիլսոնյան սահմանը, չի հաստատվել երկկողմ պայմանագրով, որպեսզի հնարավոր լիներ այն բեկանել կամ փոփոխության ենթարկել միայն երկու կողմերի համաձայնությամբ:



«Հայ-թուրքական սահմանը կայացել է օրինապես ուժի մեջ մտած իրավարար վճռով, որը պարտադիր իրավական որոշում է ավելի քան մի քանի տասնյակ երկրների համար, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության համար: Այսինքն, վիլսոնյան իրավարար վճիռը, որն անշրջելիորեն ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին, ոչ միայն ճանաչում է Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու տիտղոսը որոշակի տարածքի վրա, այլեւՀայաստանի Հանրապետության համար ստեղծում է ստանձնած միջազգային հանձնառություններին հավատարիմ մնալու անսակարկ պարտավորություն»,- ընդգծել է Արա Պապյանը:



Պատմաբանի խոսքով, տվյալ իրավարար վճռի անբեկանելիության ամենավառ վկայությունը ԱՄՆ Սենատի կողմից 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ-ի եւ Թուքիայի de facto իշխանության միջեւ 1923թ. օգոստոսի 6-ին կնքված պայմանագրի մերժումն էր, քանի որ հավանությունը կհակասեր ԱՄՆ-ի արդեն իսկ ստնաձնած պարտավորություններին, որոնք բխում էին իրավարար վճռից: Հետեւաբար ՀՀ իշխանությունները որեւէ ձեւակերպմամբ չեն կարող օրինապես ճանաչել Կարսի պայմանագրի հետեւանքով առաջացած իրավիճակը, քանի որ նման քայլը կհակասի ՀՀ միջազգային պարտավորություններին: «Կարսի պայմանագրի հետեւանքների ճանաչումը, չեմ ասում Կարսի պայմանագրի, քանի որ այն ստորագրման իսկ օրից անօրինական էր, կլինի նաեւ Հայաստանի Հանրապետության գործող սահմանդրության ոտնահարում: Ըստ ՀՀ սահմանադրության 49-դ հոդվածի «Հանրապետության նախագահը Հայաստանի Հանարապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է»: Այսինքն, քեմալա-բոլշեւիկյան անօրինական գործարքի ճանաչումը եւ օրինականացման փորձը կհանգեցնի Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման, քանի որ անկախ այն բանից, որ Թուրքիան 1920թ.-ից ի վեր բռնազավթել է de jure Հայաստանին պատկանող տարածքի մի զգալի մասը, այդուհանդեձ բռնազավթումը չի կարող հիմք լինել որեւէ տարածքի օրինական իրավատիրության համար, առավել եւս հանգեցնել տվյալ տարածքի տիտղոսի փոխանցմանը»,- հայտնել է Արա Պապյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---