Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանն այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի և անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանն այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի և անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի և անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ ունենալով Բոստոնի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

ՀՀ ԱԳ նախարարը, անդրադառնալով վերջին շրջանում հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումներին, նշել է, որ Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ: Դա վերաբերում է ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմաններին, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությանը, որով Բաքուն ի շարս այլոց պարտավորվել էր ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից: Մինչ այսօր միջազգային հանրությունը շարունակում է կոչեր անել այդ կապակցությամբ, իսկ Ադրբեջանը համառորեն շարունակում է իր սադրիչ կեցվածքը»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները: «Ադրբեջանն այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի և անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին շփման գծից հետ բերման վերաբերյալ: Պարզ է, որ այսպիսի կեցվածքը չի կարող բարենպաստ մթնոլորտ ստեղծել խաղաղ կարգավորման գործընթացի համար»,- ասել է նա:

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆլեթչերի դպրոցի տնօրեն Ստեֆեն Բոսվորթի հետ և քննարկել ԱԳՆ և հաստատության միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Բոստոնում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բոստոնի հայ համայնքի կողմից Հայաստանի արտգործնախարարի պատվին կազմակերպած ընդունելությանը, որի ժամանակ խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության մասին և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---