Մոսկովյան իրավապահ մարմինները գտնում են, որ «Դոմոդեդովոյում» ահաբեկչությանը հանցակից են Հյուսիսային Կովկասի ահաբեկիչները

PanARMENIAN.Net - Մոսկովյան իրավապահ մարմինները գտնում են, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը հանցակից են Հյուսիսային Կովկասի ահաբեկիչները: Իրավապահ մարմինները նման եզրակացության են հանգել այն բանի հիման վրա, որ ահաբեկչությունն իրականացրած մահապարտը հիշեցնում է հյուսիսկովկասյան տարածաշրջանի ահաբեկչին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր երեք տղամարդկանց հետախուզման մեջ գտնվելու մասին, որոնք կարող են հանցակից լինել ահաբեկչությանը: Օպերատիվ տեղեկատվության համաձայն, նրանք մասնակցել են պայթյունի կազմակերպմանը և վերջին ժամանակներս բնակվել են մայրաքաղաքի մարզում:

«Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 7 կիլոգրամից ոչ պակաս:

Մոսկովյան ժամանակով 18:00-ի դրությամբ ՌԴ Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, հայտնի է 31 զոհվածների և մոտ 130 տուժածների մասին: «Դոմոդեդովո» են ուղարկվել շտապօգնության 30 մեքենաներ:

Հաղորդվում էր այն մասին, որ ԴԱԾ-ն տեղեկություններ է ունեցել ահաբեկչության նախապատրաստման մասին. հունվարի 24-ի գիշերը ենթադրվող մահապարտ-ահաբեկչին որոնում էին Զելենոգրադում:

«Դոմոդեդովոյում», ինչպես նաև Մոսկվայի մյուս հասարակական վայրերում խստացված են անվտանգության միջոցառումները: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ): Գործը հետաքննում է ՌԴ Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչությունը: Քննիչները բոլոր վկաներին և ականատեսներին խնդրում են կիսվել տեղեկություններով` զանգահարելով 8-499-265-97-90 հեռախոսահամարով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---