Հայոց ցեղասպանություն. թուրքերը հոգնել են լռելուց

Հայոց ցեղասպանություն. թուրքերը հոգնել են լռելուց

PanARMENIAN.Net - Թուրքիայում անդառնալի գործընթացներ են սկիզբ առել. Հայոց ցեղասպանության թեմայի տաբուն, որը տասնամյակներ շարունակ պահպանվում էր, աստիճանաբար տեղի է տալիս: 1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները (Հայոց ցեղասպանությունը Ցեղասպանություն կոչելը դեռևս վտանգավոր է) գնալով ավելի հաճախ և ավելի բարձր են հնչում, այդ խոսքերի ենթատեքստում ակնհայտ է Ցեղասպանության ճանաչման չարտահայտված անհրաժեշտությունը: Գնալով ավելի շատ թուրք լրագրողներ ու գրողներ են գրում Ցեղասպանության մասին, և նրանց գրքերը սրընթաց կերպով վաճառվում են: Վերջին օրինակը թուրք գրող Զուֆլու Լիվանելիի «Սերենադ» վեպն է, որում հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը և որը Թուրքիայում բեսթսելլեր է դարձել: Երեք օրվա ընթացքում գրքի 50 000 օրինակ է վաճառվել: Վեպը պատմում է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Հոլոքոստի ու քրդերի մասին:

Թուրք ժողովուրդը, համենայնդեպս, նրա մի հատվածը հոգնել է լռելուց կամ էլ սկսել է հասկանալ, որ ազգության հայրերն այնքան էլ ճիշտ չեն ներկայացրել այն ամենը, ինչ իրականում տեղի է ունեցել 19-20-րդ դարերի սահմանին:

Որոշներն իրենց անկեղծության համար իրենց կյանքով են վճարել, ինչպես հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, որը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին խմբագրության շենքի դիմաց: Սակայն նա ունեցավ բազմաթիվ հետևորդներ. 2008 թվականի դեկտեմբերին թուրք մտավորականության ավելի քան 200 ներկայացուցիչներ նախաձեռնեցին «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավը` ինտերնետում տեղակայելով համապատասխան հանրագիրը: Այդ քարոզարշավը վտարեց Ցեղասպանության հետ կապված տասնամյակներով սերմանվող վախը: Հանրագրի ներքո ստորագրեցին մոտ 30 հազար մարդ: Եվ դա օրինաչափ է. մի ժողովուրդ, որին երկար տարիներ ստիպում են լռել, վաղ, թե ուշ կհոգնի լռելուց:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---