Արա Պապյանը Ղարաբաղի մասին. Ոչ ոք թույլ չի տա միջնորդներին որոշել տարածքների ու այնտեղ բնակվող մարդկանց ճակատագիրը

Արա Պապյանը Ղարաբաղի մասին. Ոչ ոք թույլ չի տա միջնորդներին որոշել տարածքների ու այնտեղ բնակվող մարդկանց ճակատագիրը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը գերազանցել է իր լիազորությունները զեկույցում, հայտարարել է Modus Vivendi կենտրոնի ղեկավարը, պատմաբան Արա Պապյանը: Ըստ նրա, ոչ ոք թույլ չի տա համանախագահներին, որոնք ընդամենը միջնորդներ են, որոշել տարածքների ու այնտեղ բնակվող մարդկանց ճակատագիրը:

«Այսուհանդերձ, թվում է, որ այս պարզ ճշմարտությունը գնալով ավելի ու ավելի հաճախ է անտեսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ասածիս ամենավերջին վկայությունը նշյալ խմբի 2011թ. մարտի 24-ի զեկույցի մեջ տեղ գտած ՚Լեռնային Ղարաբաղին հարակից Ադրբեջանի յոթը գրավյալ շրջաններՙ (“the seven occupied territories of Azerbaijan surrounding Nagorno-Karabakh (NK)) ձևակերպումն է: Ակնհայտ է, որ իր զեկույցի մեջ գործածելով նման ձևակերպում վերոհիշյալ խումբը բացահայտորեն գերազանցել է իր լիազորությունները և ոտնահարել իր իսկ մանդատը:

Համանախագահների խմբին որևէ մեկը չի լիազորել որոշելու որևէ տարածքի կարգավիճակ կամ ճակատագիր: Ո՞վ է այդ խմբին իրավունք տվել Լեռնային Ղարաբաղը (տեքստում` Nagorno-Karabakh) նույնացնել նախկին ՍՍՀՄ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքանավար Մարզին: Դա հակամարտության կողմերի որոշելիքն է: Համանախագահների լիազորությունը սահմանափակվում է միայն միջնորդությամբ, այն է` ուժի կիրառման բացառման հիման վրա բանակցային գործընթացին նպաստելով: Դա միանշանակորեն և հստակ ամրագրված է Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ. «քաջալերել հակամարտության առանց ուժի կիրառման լուծումը և ի մասնավորի նպաստել խաղաղ և համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին»: Հիշյալ մանդատի 15 կետերից և ոչ մեկով Համանախագահներին որոշելու կամ վճիռներ կայացնելու լիազորություն չի տրված»,-գրում է պատմաբանը:

«Առավել տարօրինակ է և կատարելապես հիմնազուրկ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքանավար Մարզի հարակից տարածքներն անվանել Ադրբեջանի տարածքներ»: Հարց կարող է առաջանալ` իսկ ի՞նչ ձևակերպում պիտի գործածվի: Կարծում եմ` «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հարակից տարածք»: Առանց «Ադրբեջան» տեղանվանման, քանի որ ԼՂԻՄ-ը ՍՍՀՄ ինքավար մարզ է եղել, որը միջնորդավորված ենթակայություն է ունեցել երկրի իշխանություններին, այսինքն վարչական կառավարման է ենթարկվել ՍՍՀՄ մեկ այլ վարչատարածքային միավորի միջոցով:

Շեշտեմ նաև, որ ստալինյան վարչատարածքային բաժանումը չի կարող օրինական հիմք հանդիսանալ պետությունների սահմանազատման (delimitation) համար, քանի որ միջազգային իրավունքը հստակ է` հանցագործությունը չի կարող իրավունքի հիմք հանդիսնալ (Ex injuria jus non oritur)»,-գրում է Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---