Բարբարա Բոքսերը Բարաք Օբամային կոչ է արել շտկել իր սխալները և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բարբարա Բոքսերը Բարաք Օբամային կոչ է արել շտկել իր սխալները և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Բոքսերը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իր ուղերձում Բոքսերը մասնավորապես նշել է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարին, մի ողբերգության, որը սև բիծ է թողել մարդկության գիտակցության մեջ: Սակայն այդ ողբերգությունը հատկապես հայ ժողովրդի համար ավելի ցավոտ է դարձնում Օսմանյան կայսրությունում նախօրոք ծրագրված հայերի կոտորածը Ցեղասպանություն ճանաչելու` ԱՄՆ իշխանությունների անընդունակությունը»: Բոքսերը դիմել է Օբամային ամերիկյան ղեկավարության այդ սխալը շտկելու կոչով:

Ընդ որում, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը հիշեցրել է, որ 2008 թվականին, դեռևս լինելով սենատոր, Օբաման ասաց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ է, այլ ապացուցված և անվիճելի փաստ: «Չճանաչելով այդ փաստը` ԱՄՆ իշխանությունները երկարացնում են Ցեղասպանության զոհերի ժառանգների, ինչպես նաև ողջ հայ համայնքի ցավը»,- ընդգծել է Բոքսերը` ավելացնելով, որ չնայած դրան, ԱՄՆ իշխանությունները շարունակում են Ցեղասպանությունը բնութագրելու համար կիրառել «ոչնչացում», «զանգվածային գնդակահարություն» և «սպանություն» տերմինները: Նրա խոսքով, դա ոչ միայն վիրավորում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և նրանց ժառանգներին, այլև վնասում է Ամերիկային:

 Ուշագրավ
---