Թուրք-օսմանների ինքնագիտակցության մեջ հայ ազգությանը պատկանելը մինչ օրս ամոթալի է համարվում

Նրանում, որ երիտթուրքերը չավարտեցին կայսրության քրիստոնեական բնակչության գնդակոծումը, մեղավոր է նաեւ քոչվորի մտածելակերպը, որը սովոր է տրամաբանել միայն այդ պահի եւ երբեք` ապագայի համար

2009թ. ապրիլը Թուրքիայում կարող է ամենալարվածը լինել վերջին մի քանի տասնամյակների համար: Այդ էլ քիչ է, մարտի 29-ին երկրում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք կարող են վերջնականապես հաստատել իսլամիստների իշխանությունը: Համենայնդեպս, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրա հետ կապված մեծ հույսեր ունի: Բայց ընտրություններից հետո Անկարա է ժամանելու ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, իսկ հետո` ապրիլի 24... Իսկապես, անհանգստանալու առիթ կա: Բայց ամեն ինչ իր հերթին:

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմական Հանրապետական ազգային կուսակցության անդամ, պատգամավոր Ջանան Արիթմանը, որին դատի էին տվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մոր հայկական ծագման մասին հայտարարությունների համար, ստիպված կլինի բարոյական փոխհատուցում տալ: Անկարայի դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն պատգամավոր Արիթմանը պետք է 1 լիրայի չափով տուգանք վճարի Աբդուլլահ Գյուլի մոր էթնիկական արմատների կապակցությամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածման միջոցով պետական անձը վարկաբեկելու փորձի համար, հաղորդում է Anatolia News Agency-ն:

Մի կողմ դնենք դատարան դիմած Գյուլի արարքի էթնիկական մոտիվները: Բնականաբար, նա իրեն վիրավորված է զգացել հայկական ազգությանը, իբր, պատկանելու պատճառով: Ըստ էության, թուրք-օսմանների ինքնագիտակցության մեջ հայ ազգությանը պատկանելը մինչ օրս ամոթալի է համարվում, թեեւ ում-ում, բայց թուրքերին հարգի չէ խոսել «ռասայի մաքրության» մասին: Էլ չենք ասում արյունարբու Աբդուլա Համիդ II սուլթանի հայկական արմատների մասին, հիշենք նաեւ, որ երիտթուրքերի մեծ մասը դենմե էին (իսլամ ընդունած հրեաներ): Բայց այդ ամենը վաղուց հայտնի է եւ արդեն որեւէ բացասական ասոցիացիաներ չի առաջացնում թուրքական հասարակության մեջ: Բայց ներկայիս նախագահին մեղադրել են նախ եւ առաջ անմաքուր ծագման մեջ: Անցյալ տարվա վերջին մի խումբ թուրք մտավորականներ, որոնք ակնհայտորեն մաքուր թուրքական ծագում չունեին, սկսեցին «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավը, որը նախագահի կողմից չենթարկվեց կտրուկ քննադատության: Ջանան Արիթմանի կարծիքով, նախագահը օժանդակում է այդ քարոզարշավին: «Աբդուլլա Գյուլը պետք է ոչ թե իր էթնիկական արմատների հետեւորդ, այլ հանրապետության նախագահ լինի, նոր թուրք ազգության առաջնորդ: Պարզեք նախագահի էթնիկական արմատները մայրական գծով եւ ինքներդ կտեսնեք»,- հայտնել է Արիթմանը:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ի պատասխան տարածված լուրերին իր մոր հայկական ծագման մասին, հայտարարել է, որ իր նախնիները եւ մայրական, եւ հայրական կողմից զտարյուն թուրքեր եւ մահմեդականներ են եղել: Թուրքական առաջնորդը դա վիրավորանք է համարել եւ դիմել դատարան: Ճիշտ է, Գյուլին անմիջապես մեղադրել է ԵՄ-ն` «վիրավորանքին» նախագահի արձագանքը ոչ կորեկտ համարելով: Բայց Թուրքիայի նախագահի վարքն այդ իրադրության մեջ ճիշտ եւ ճիշտ համընկնում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի տված օսմանյան ազգի բնութագրին. «Օսմանցիների հետնորդները դժվար թե նմանվելու են այն մարդկանց, որոնց ես այն ժամանակ ճանաչում էի: Նրանք չեն ատում, նրանք չեն սիրում, նրանք ոչ մեկի հանդեպ երկար ժամանակ թշնամանք կամ կապվածություն չեն զգում: Նրանք միայն վախենում են: Եւ միանգամայն հասկանալի է, որ նրանք մնացածներին են վերագրում իրենց վարքի մոտիվները»:

Թուրքերին գրեթե անհնար է տալ առավել ճշգրիտ բնութագիր: Նրանք վախենում են հայերի, հույների, ասորիների ցեղասպանության ճանաչումից, նրանք վախենում են սեփական պատմությունից, վախենում են քրդերից: Հենց դրանով է բացատրվում թալանելու, ենթարկեցնելու եւ սպանելու կենդանական բնազդի դրսեւորումը: Նրանում, որ երիտթուրքերը չավարտեցին կայսրության քրիստոնեական բնակչության գնդակոծումը, մեղավոր է նաեւ քոչվորի մտածելակերպը, որը սովոր է տրամաբանել միայն այդ պահի համար եւ երբեք չի հաշվարկում անգամ կես քայլ առաջ: Նրանք չկարողացան անգամ ստեղծել իսկապես նոր թուրքական ազգ, որը ջանում էր ձեւավորել Աթաթուրքը: Վաղ, թե ուշ քոչվորի բնազդները վեր են կանգնում բոլոր մնացած տրամաբանություններից եւ... մենք ունենք այն, ինչ ունենք. 70 միլիոնանոց թշնամական ժողովուրդ, որի համար «հայ» եւ «թուրք» բառերը միշտ նույնանալու են: Ապրիլին թուրքական դիվանագիտության բոլոր մնացած գործողությունները բխելու են հենց այս փաստից եւ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է մոռանա այդ մասին:

Բարակ Օբամայի այցը Թուրքիայի համար ավելին է, քան պարզապես այց երկիր, որի հետ ԱՄՆ-ին կապում է ռազմավարական գործընկերությունը եւ ՆԱՏՕ-ն: Օբամայի օգնությամբ Անկարան ցանկանում է ընդգծել իր կարեւորությունն այնպիսի բարդ գործում, ինչպիսին ամերիկյան զորքերի դուրսբերումն է Իրաքից: «Ինջիրլիկ» ռազմակայանը հատկացնելու համաձայնությունը դրա ուղղակի ապացույցն է, եթե հաշվի առնել, որ 2003թ. թուրքական խորհրդարանն ամերիկյան զորքերին թույլ չտվեց Թուրքիայով անցնել Իրաք: Ճիշտ է, թուրքերը փորձում են սակարկել եւ անգամ շանտաժի ենթարկել: Ողջ այս պատմության մեջ ամենահետաքրքիրն է տեսնել, թե ինչպես կարձագանքի ԱՄՆ նոր վարչակազմը թուրքական դիվանագիտության հին եւ ստուգված մեթոդներին:

Զանազան թուրքական կազմակերպությունների կոչերը ինչ-որ շատ են հիշեցնում «գյուղացիների եւ բանվորների» նամակները: Բիզնեսմենների եւ արդյունաբերողների թուրքական ասոցիացիայի (TUSAID) նախագահ Արզուհան Դողան Յալչինդաղը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային` կոչ անելով ամերիկյան նախագահին ձեռնպահ մնալ Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց: Յալչինդաղի նամակում, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Վաշինգտոնն ու Անկարան ձգտում են ակտիվացնել երկկողմ համագործակցությունը: Այն փուլում, երբ թուրք-ամերիկյան ալյանսն անհրաժեշտ է, քան երբեւէ, Հայոց ցեղասպանության ճանաչումը բացասապես կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա», գրում է Hurriyet Daily News-ը: Իսկ մեզ մնում է սպասել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին ՍՏՀԿ գագաթաժողովին: Կամ էլ չսպասել` դա էլ ինչպես ստացվի...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---